կարևոր
697 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-19 18:05

Քաղաքացիները պահանջում են չեղարկել գունագեղ տոնակատարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության շենքի մոտ կրկին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ին անկախության օրվան նվիրված համերգը:

Ակցիային մասնակցում են զոհվածների հարազատներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ ուղղակի քաղաքացիներ:

«Ակցիան մեկնարկել է երեկվանից նախեւառաջ այստեղ կազմակերպվող այդ սրբապղծության դեմ, որը կազմակերպող անձը, չգիտեմ` վարչապետ ասեմ, թե ինչ ասեմ, ասել է գունագեղ տոնախմբություն` զոհվածների հիշատակին: Մենք պահանջում ենք, որ չեղարկվի այդ գունագեղ տոնախմբություն կոչվածը: Ակցիաները շարունակական բնույթ են կրելու, մինչեւ չեղարկեն: Մեր եղբայրների շիրիմների վրա տոնախմբություն են կազմակերպում, ցինիզմի վերին աստիճան»,-ասաց զոհվածի քույրը:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա էին նախատեսել՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։

Հավելենք, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներին, այդ թվում նաև ընդդիմադիր պատգամավորներին բերման էին ենթարկում և տանում Ոստիկանության տարբեր բաժանմունքներ: