կարևոր
1690 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-19 15:30

Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով առաջարկել է հանդիպել

Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով առաջարկել է հանդիպել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը՝ վրացի գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելիս Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների հարցին։

Լրագրողների այն հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետը ասել է, որ թույլ չի տա միջանցքի բացում Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ Էրդողանը պատասխանել է.

«Այդ միջանցքի բացել-չբացելու հարցը քաղաքական հարց է։ Թերևս մտածելու տեղիք է տալիս, երբ մի կողմից նա նման բան է ասում, իսկ մյուս կողմից՝ ուզում է հանդիպել ինձ հետ։ Եթե նա ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ, ապա այժմ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի։ Մենք փակ չենք դիվանագիտության համար: Իսկապես, նա` (խմբ. նկատի ունի Հայաստանի վարչապետին) Վրաստանի վարչապետի իջոցով ինձ փոխանցել է հանդիպելու ցանկությունը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ դրա համար Հայաստանը պետք է դրական մոտեցում ցուցաբերի։

«Եթե Վրաստանի վարչապետն ինձ փոխանցի երկխոսության այս խնդրանքը և այնպիսի քայլ ձեռնարկի, որ այստեղ նոր գործընթաց սկսվի, ես իմ անկեղծությունը կդրսևորեմ և բանակցություններ կսկսեմ։ Երբ դիվանագիտություն սկսվի, իհարկե, այստեղ պետք է ինչ-որ բան վերցնել ու տալ։ Ես ցանկանում եմ, որ այս հարցում գերակշռեն դրական, ոչ թե բացասական մոտեցումները։ Այսպիսով, ես հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջանցքների բացման այդ խնդիրը կհաղթահարվի»,- ասել է Էրդողանը։