կարևոր
2038 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-19 13:08

Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներն ավելի շատ հուշում են, որ տեղի է ունեցել առևանգում. Տիգրան Աբրահամյան

Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներն ավելի շատ հուշում են, որ տեղի է ունեցել առևանգում. Տիգրան Աբրահամյան

Դեռևս անհայտ հանգամանքներում, ՀՀ 2 քաղաքացի հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԱԾ-ի այսօրվա տարածած հայտարարությանը.

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհով երթևեկած քաղաքացիները լավ գիտեն, որ ճանապարհը խառնելու պատճառով շեղվելու հավանականությունը գրեթե բացառելի է։

Կամ մայրուղուց դիտմամբ պետք է մտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատված կամ պետք է տեղի ունենա առևանգում։

Ցավալիորեն վերջին օրերին Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներն ավելի շատ հուշում է, որ տեղի է ունեցել առևանգում։

Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները մոլորվել են ու պատահմամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա սրա համար պատասխանատու է ԱԱԾ-ն, որը պատասխանատու է ճանապարհի և սահմանագծի այդ հատվածի անվտանգության ապահովման համար»,- գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: