կարևոր
442 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-18 22:45

Կայացել է «Օրրան» բարեգործական կազմակերպության հերթական ընթրիքը․ այն միտված է աջակցելու հասարակության խոցելի խավին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կայացել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հերթական՝ 15-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Միջոցառման հիմքում հասարակությանն օգտակար լինելու արժեհամակարգն է, որը կոնկրետ ծրագրերի տեսքով դրսեւորվում է արդեն 21 տարի:

Հավատարիմ գործընկերների աջակցությամբ, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ձգտում է հնարավորինս կրճատել երկրում արձանագրվող
մուրացկանության ցուցանիշն ու հոգալ միայնակ տարեցների խնդիրները:

Վերջին տարիներին համավարակի, այնուհետեւ պատերազմի հետեւանքները լրջորեն փոխել են երկրում տիրող սոցիալական պատկերն ու ընդլայնել շահառուների ցանկը: Ընթացիկ տարում ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ Արցախից տեղահանված ընտանիքները:

Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս, բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հիմնադրամի գործընկերներ, գործարարներ եւ արվեստագետներ: Բոլորի նպատակը եղել է նույնը. կանգնել սոցիալական ճգնաժամի մեջ հայտնված ընտանիքների կողքին:
Ռալֆ Յիրիկյանը կրկնապատկել է բարեգործական ընթրիքի ընթացքում հանգանակված գումարը՝ նվիրաբերելով 7,3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Տեւական ժամանակ իր առջեւ բարդ ու համարձակ խնդիր դրած բարեգործական կազմակերպության տարեգրությունը լի է մարդկային կենսագրությունների վրա դրական ազդեցությամբ: Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։