Ֆրանսիան հետ է կանչել Միացյալ Նահանգներից եւ Ավստրալիայից իր դեսպաններին խորհրդատվությունների համար` կապված Մեծ Բրիտանիայի հետ անվտանգության գործընկերության ստեղծման հայտարարության եւ Փարիզի հետ սուզանավերի մատակարարման պայմանագրի չեղարկման հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա ռազմական դաշինքն ուղղված է հիմնականում Հնդա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին հակազդելուն: Եռակողմ գործընկերության շրջանակներում Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան առաջիկա 18 ամիսների ընթացքում կաջակցեն Ավստրալիային միջուկային սուզանավ ձեռք բերելու հարցում: Սա կնշանակի չեղյալ հայտարարել ավանդական սուզանավերի վերաբերյալ ավստրալաֆրանսիական 90 միլիարդ դոլարի պայմանագիրը:
Ֆրանսիան այդ քայլը համարել է անհաջող եւ հակառակ երկու երկրների համագործակցության տեքստին ու ոգուն: Այդ երկրի արտգործնախարար Ժան-Իվ-Լը Դրիանն ավելի վաղ ասել է, որ սա հարված էր թիկունքից, ու որ դաշնակիցներն այդպես չեն վարվում: