կարևոր
1300 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 18:13

Էսօր հերոս տղերքի շատ մամաներ պատրաստվում են երեխա ունենալ, էդ կերպով է կյանքը շարունակվում, ոչ թե հիմար ու ռաբիս հրավառությամբ․ Գեղամ Նազարյան

Էսօր հերոս տղերքի շատ մամաներ պատրաստվում են երեխա ունենալ, էդ կերպով է կյանքը շարունակվում, ոչ թե հիմար ու ռաբիս հրավառությամբ․ Գեղամ Նազարյան

44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները իրենց զավակների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում և պահանջում են կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը:

«Հերոս տղաների ծնողները հանդես եկան հայտարարությամբ կամ գրառումներով, կոչ արեցին գունագեղ շոուն, հրավառությունը չեղարկել: Դրանից հետո արձագանքն այն եղավ, որ վերանայվեցին ինչ-ինչ բաներ, հրավառությունը հանեցին, ուրախ կատարումները հանեցին և այլն: Բայց երևույթը…»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում:

Նա շեշտեց, որ որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի։ Խնդիրը գունագեղ շոուներն են, 2 մլն դոլարից ավելի գումար են ծախսելու այս վիճակում, երբ պատերազմի առաջին տարելիցին վեց օր է մնում, երբ շիրիմները թարմ են, ունենք գերիներ, անհետ կորածներ, այս իրավիճակում նման մեծածավալ շոու կազմակերպելն անհնար է։

«Ճիշտ կլիներ նման որոշում կայացնելիս խորհրդակցեին ծնողների հետ։ Ցավալի է, որ բողոքներից հետո են համերգային ծրագրում փոփոխություն կատարել։ Մեկ անգամ էլ կրկնեմ՝ մեծամասշտաբ, ծախսատար համերգային շոուն չպետք է այս տարի անցկացվի։ Անկախ այն բանից՝ ինչ երաժշտություն է հնչում, նման մասշտաբի միջոցառում անելն ինքնախաբեություն է»,-ասաց Նազարյանը։

Նազարյանը կրկնեց, որ կողմ են՝ նշելու հայրենիքի անկախության տոնը, քանի որ հերոսները երկրի համար են իրենց կյանքը տվել, սակայն նման գունագեղություններով ու մասշտաբով համերգներին միանշանակ դեմ են։

«Եթե ծնողների ընդվզումը չլիներ, ի՞նչ, քեֆ ուրախություն էին անելու։ Ասել, որ ձեր տղերքի հիշատակը գունագեղ տոնակատարությամբ ենք նշելու՝ ծանր վիրավորանք է։ Էս ձևով չի կարելի ապրել։ Թող մարդիկ ամուսնանան, շատ երեխաներ ունենան։ Էսօր հերոս տղերքի շատ մամաներ պատրաստվում են երեխա ունենալ, էդ կերպով է կյանքը շարունակվում, ոչ թե հիմար, ռաբիս սալյուտով»։

Նազարյանը նաև հավելեց, որ դեմ է անկախության օրը դեպի Եռաբլուր քայլերթ իրականացնելուն։