կարևոր
463 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 17:46

Դուշանբեում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանը Որոտանով անցնող իրանական բեռնատարների վարորդներից մի քանի օր է՝ գումար է գանձում, իսկ Հայաստանի ու Իրանի ղեկավարները միայն նոր են խնդիրը քննարկում:

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը ու Իրանի նախագահը:Հանդիպման մասին երկու երկրի տարածած պաշտոնական հաղորդագրությունները, սակայն, էականորեն տարբերվում են իրարից այն առումով, որ իրանական կողմը, հաղորդագրության տեքստից դատելով, մեծապես կարեւորել է տնտեսական հարաբերությունների զարգացումն ու առկա խնդիրների վերացումը, մինչդեռ հայկական կողմը պարզապես հպանցիկ է անդրադարձել դրանց: Եվ այսպես՝ ի՞նչ է հայտնում երկու կողմը:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպմանը Էբրահիմ Ռայիսին հույս է հայտնել, որ երկու երկրի հարաբերություններում նոր դրական քայլեր կիրականացվեն: Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ Ռայիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով:

«Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարեւորությունը»,- հայտնել է Փաշինյանը: Ու այս համատեքստում նա կարեւորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ Թեհրանի համար եւս կարեւոր է հարեւանների հետ հարաբերությունների զարգացումը: Իսկ բուն խնդիրների մասին հայկական կողմի տարածած հաղորդագրության վերջում ընդամենը հետեւյալն է նշվում. «Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են նաեւ հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրի միջեւ բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր»: 

«Թեհրանի ու Երեւանի միջեւ պատմական հարաբերությունները միշտ եղել են բարեկամական եւ կառուցողական». սա էլ Ռայիսի ուղերձն է Հայաստանին: Իրանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում է՝ հանդիպմանը Ռայիսին շեշտել է, որ անհրաժեշտ է բարձրացնել 2 երկրի միջեւ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը: 
Տնտեսական հարցերով մասնագիտացված աշխատանքային խմբերի ձեւավորումը, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի, փոխադրումների, էներգիայի փոխանակման, համատեղ արտադրական նախագծերի ոլորտում, կարող է հարմար խթան դառնալ ու բեկումնային լինել 2 երկրի միջեւ փոխգործակցության մակարդակի բարելավման համար:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում: