կարևոր
757 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-17 12:10

Հիմնավոր կասկած ունենք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրում. Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանական քարոզչամեքենայի կողմից սանձազերծված արշավն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, իբր նա ապրիլյան պատերազմի հաջորդ օրը գտնվել է Բադեն-Բադեն քաղաքում, շատ արագ հերքվեց նախագահի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանի կողմից՝ հստակ ապացույցներով, որ նախագահը մեկնել է Գերմանիա և այնտեղ մի շարք կարևորագույն հանդիպումներ է ունեցել, որոնք մեր երկրի շահերից են բխում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը և հավելեց, որ այդ ամենն արվել է երկրում առաջացած օրակարգային հարցերից շեղելու համար.

«Երբ այդ ամենը նոր էր սկսվել, մեր մտքով միանգամից անցավ, որ դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտություն մեղմելուն էր ուղղված: Հավանաբար ժամանակ էր պետք շահել, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցներ ներողության տեքստը պատրաստել կամ ինչ-որ մեկին հանձնարարի պատրաստել , երբ արդեն դատարանում պարտվի, իսկ երբ արդեն ֆեյքային բանակը և ֆեյսբուքյան ֆեյքից ավելի ֆեյք իբր քաղաքագետները, միացան արշավին, ես ենթադրեցի, որ մեր երկրի առջև ծառացած սոցիալական, անվտանգային, գերիների և մի շարք այլ խնդիրներից ուշադրություն շեղելու համար է իրականացվում այս արշավը»,-ասաց Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ իրենք հիմնավոր կասկած են ունեցել, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի ևս մի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն.

«Սրա մասին արդեն երեկոյան էքսկլուզիվ նյութ եղավ «Հրապարակ»-ում, որը վերաբերվում էր խաղաղության պայմանագրին»:

Լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներից հետաքրքրվեցին խորհրդարանական ընդդիմության դերում՝ նրանց պայքարի հետագա բովանդակության մասին։

Խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ի պատասխան հիշեցրեց, որ իրենք ի սկզբանե հայտարարել են, որ ընտրություններին մասնակցում են առաջնային համարելով ոչ թե իշխանության գալը, այլ հակահայ իշխանություններին հեռացնելը, իսկ այժմ խորհրդարանի ամբիոնը որպես իրենց շարունակվող պայքարի ընդամենը հերթական հարթակ են օգտագործում։

«Միայն այն փաստը, որ Փաշինյանի խունտան ամեն քառօրյայի չորեքշաբթի օրը, սեղաններից շշերը հավաքելով, վախվորած սպասելով, թե «վայ, ի՞նչ են հարցնելու մեզ», գալիս է, իհարկե, չպատասխանելով հարցերին․․․ կաթիլը քար է ծակում։ Մեր նպատակն է, օգտագործելով նաև այս ամբիոնը, նաև այս հնարավորությունները, մեր մոլորված համաքաղաքացիներին, որոնք դեռևս հույս են կապում, որ այս իշխանությունների օրոք դեպի բարին ինչ-որ փոփոխություն կարող է լինել, փաստարկներ ներկայացնել նաև այս ամբիոնից: Ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք փողկապավոր ընդդիմություն ենք դարձել, որը փողոցային պայքարից խուսափելու է»:

Մանրամասները՝ տեսանյութում: