կարևոր
1450 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-16 21:45

Միջազգային անցուդարձ․Ֆրանսիայում պատվաստումից հրաժարված 3 հազար բուժաշխատողի աշխատանքը կասեցվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • Ֆրանսիայում մեկնարկել է Քովիդ-19-ի դեմ բուժաշխատողների պարտադիր պատվաստման ծրագիրը: Եվ առաջին հետեւանքները. պատվաստումից հրաժարված 3 հազար բուժաշխատողի աշխատանքը ժամանակավորապես կասեցվել է, մի քանի տասնյակ մարդ էլ ազատման դիմում է գրել: Ֆրանսիական օրենքը չպատվաստվածներին աշխատանքից ազատվել թույլ չի տալիս, բայց եւ նրանք չեն կարողանա աշխատել ու վճարվել մինչեւ չպատվաստվեն: Իշխանությունները հերքում են պնդումները, թե սա կարող է աղետի հանգեցնել առողջապահական համակարգում: Ֆրանսիայում արդեն 10 շաբաթ է ցույցեր են բուժաշխատողների պարտադիր պատվաստման որոշման դեմ:
  •  Անգլիայում էլ պարտադիր պատվաստման որոշում կա խնամքի տների աշխատողների համար: Եվ եթե մինչեւ այս օրվա ավարտը նրանք չստանան Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութի գոնե առաջին դեղաչափը, կարող են կորցնել աշխատանքը։ Ոլորտի մասնագետների կարծիքով՝ սա էլ կարող է հանգեցնել խնամքի բազմաթիվ տների փակման:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասեցրել է ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի գրանցումը: Որոշումը կայացվել է, երբ «Սպուտնիկ-V»-ն արտադրող գործարաններից մեկում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում պահանջվող չափանիշներին: Պատվաստանյութի հաստատաման գործընթացը չի վերսկսվի, մինչեւ ռուս մասնագետները չկատարեն անհրաժեշտ փոփոխությունները: Մինչդեռ սպասվում էր, որ ԱՀԿ-ն կհաստատի ռուսական պատվաստանյութն այս աշնանը։
  • Ֆրանսիան իրեն դավաճանված է զգում: Այդ երկրի արտգործնախարարը մեղադրել է Ավստրալիային ու Միացյալ Նահանգներին թիկունքից հարվածելու մեջ: Ֆրանսիայի այս վրդովմունքի պատճառն այն է, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի ղեկավարները հեռուստակամրջի ժամանակ հայտարարել են ռազմական նոր համաձայնագիր կնքելու մասին, ինչը թույլ կտա Ավստրալիային կառուցել միջուկային սուզանավեր՝ կիրառելով ամերիկյան տեխնոլոգիան: Բայց սրանով ավստրալական կառավարությունը, փաստորեն, չեղարկում է սուզանավերի կառուցման մասին Ֆրանսիայի հետ 2016-ին կնքած պայմանագիրը: Ջո Բայդենը, Բորիս Ջոնսոնն ու Սքոթ Մորիսոնը վստահ են, որ այս, իրենց բնորոշմամբ, պատմական համաձայնագիրը կպահպանի ամբողջ աշխարհի կայունությունն ու անվտանգությունը: Վերլուծաբանների կարծիքով, սա արվում է Չինաստանից աճող ռազմական ներուժին հակազդելու համար: Պաշտոնական Պեկինն արդեն քննադատել է՝ նշելով, որ այս համաձայնագիրն ակտիվացնում է սպառազինութունների մրցավազքը:
  • Ֆրանսիան հայտարարել է Սահարայում «Իսլամական պետության» առաջնորդին սպանելու մասին: Նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ սա եւս մեկ մեծ հաջողություն է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։