կարևոր
412 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-16 21:08

Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՊԿ գագաթնաժողովին կառույցի հիմնադիր երկրի նախագահն իր ելույթն ափսոսանքի խոսքերով է սկսել: Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից, որ չի կարողացել մեկնել Դուշանբե ու անձամբ ներկա գտնվել միջոցառմանը:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին առանցքային թեման թերեւս Աֆղանստանում ստեղծված իրավիճակն էր: Ի վերջո, կառույցի անդամ երկրներից Տաջիկստանն ավելի քան 1300 կիլոմետրանոց սահման է կիսում այդ երկրի հետ, իսկ այնտեղ վերջին մեկ ամսում իշխանության է եկել «Թալիբան» իսլամիստական խմբավորումը:

Տեսակապի միջոցով ելույթ ունենալիս Ռուսաստանի նախագահն ասել է՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ու անդամ պետությունների արտաքին սահմաններում իրավիճակը ոչ միայն անկայուն է, այլեւ ռիսկեր է պարունակում տարածաշրջանի երկրների համար: Պուտինը «մեղմ ասած՝ հապճեպ» է անվանել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի դուրսբերումն Աֆղանստանից: 

Բոլորն համաձայնեցին այն եզրահանգման հետ, որ ներկա իրավիճակում, ինչպես երբեւէ, պահանջվում է ամենասերտ համակարգումն ու ՀԱՊԿ անդամ պետությունների համախմբվածությունը: Մենք նաեւ պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է ցանկացած պահի պատրաստ լինել օգտագործել ՀԱՊԿ պաշտպանական ու քաղաքական ներուժը՝ մեր երկրներում անվտանգություն ապահովելու, խաղաղություն ու կայունություն պահպանելու համար:


Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ՝ ՀԱՊԿ ուժերի մարտունակության, մարտական պատրաստության, ներդաշնակության ու շարժունակության մակարդակը բարձրացնելու նպատակով: Կասկած չկա, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել եւ զարգացնել, համալրել ժամանակակից ու նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով, վերազինել ժամանակակից միջոցներով եւ կատարելագործել դրանց ղեկավարումը:

Դուշանբեի գագաթնաժողովում ՀԱՊԿ ղեկավարները հաստատել են Արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը: Բացի այդ, պայմանագիր են ստորագրել ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության ու դատարանների ստեղծման մասին:

Որոշում է կայացվել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երեւանում՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակում: Իսկ առաջիկայում Տաջիկստանում կանցկացվեն ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրավված կլինեն կառույցի անդամ-պետությունների Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։