Էսքան մարդը էստեղ կանգնած, իրենք երևի նայում են, կոֆե են խմում, մի հատ էլ ծիծաղում ժողովրդի վրա: Այս մասին Սոթք-Վարդենիս փակ ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Գեղամասար համայնքի վարչական ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նա հայտնեց, որ այսօր զինվորական հերթափոխ է նախատեսված, իսկ իրենք շատ լավ հասկանում են, թե որքան կարևոր է անվտանգությունը իրենց բնակավայրերի համար։
«Էսքան խոսում ենք։ Առաջինը սահման հասնողը մենք ենք, մենք ենք կանգնած սահմանին, ուզում ենք զինվորական սմենափոխին չխանգարել, ճանապարհն այսօր կբացենք, կլսենք նաև ոստիկանների խնդրանքն ու առաջարկը, իրենք էլ մեղք չունեն, որ իրենց հանձնարարում են։ Մենք հասկացանք՝ մարդ էլ մեռնի, կառավարությունը չի արձագանքելու, մենք ճանապարհը կբացենք, կսպասենք մեկ օր»,-ասաց Ավետյանը։
Ավետյանը հայտարարեց, որ առաջնային է սահմանի անվտանգությունը, զինծառայողների հերթափոխը, բնակիչներին առաջարկեց բացել ճանապարհը՝ մի պայմանով, որ եթե կառավարությունը մինչև վաղը չարձագանքի, այլ քայլերի կդիմեն։
«Իրենք ստիպված կլինեն գան էստեղ, եթե չէ, ուրեմն իրենց համար 8000 ժողովուրդը ցուցակից հանված է»։
Բնակիչները վերահաստատեցին, որ կանգնած են համայնքի ղեկավարի կողքին, վերջինս խնդրեց, զինվորների տեղաշարժը ապահովել, սպասել մինչև շաբաթ օրը։
«Եթե վաղը արձագանք չինի, մյուս օրը փակվելու են բոլոր ճանապարհները, անգամ երկաթուղու ճանապարհը: Թող աշխարհով մեկ տեսնեն, որ էս ժողովուրդը խնդիրներ ունի, մի անգամ ադրբեջանից գաղթել են, ուզում են հիմա էլ հանեն, բայց մենք ո՞ւր գնանք, մենք գերեզմաններ ունենք, 18 զոհ ունենք այս համայնքից, ոչ ոքի պատասխան չեն տալիս»,- հավելեց Ավետյանը։
Նշենք, որ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել բնակիչներից մեկին, ինչի արդյունքում քաղաքացիների և ոստիկանների մինջեւ սկսվեց քաշքշուկ։
Բնակիչները ճանապարհը փակել էին նաեւ իրենց ավտոմեքենաներով։ Ոստիկանները այդ ավտոմեքենաներից մեկը հրելով՝ դուրս հանեցին ճանապարհից։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք բողոքում էին համայնքների խոշորացման դեմ և պահանջում լուծել անվտանգության խնդիրը: Բնակիչները պնդում էին, որ սահմանամերձ բնակավայրերը խոշորացնելը վտանգավոր է։