կարևոր
961 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 21:55

Որքան էլ հորդորեք չխոսել խոշտանգումներից, որոնց ենթարկվում են մեր գերիները, դրանից իրականությունը չի փոխվում. Էլինար Վարդանյան

Որքան էլ հորդորեք չխոսել խոշտանգումներից, որոնց ենթարկվում են մեր գերիները, դրանից իրականությունը չի փոխվում. Էլինար Վարդանյան

Նոյեմբերի 9-ից անցել է 10 ամիս, մեր տղաների ճակատագիրն այդպես էլ մնում է օդում կախված։ Չենք կարող ապրել այնպես, ասես ոչինչ չի պատահել, չենք կարող ձևացնել, թե այս խնդիրն օրակարգային չէ։ Ի՞նչ է արվում մեր ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու համար, և խնդրում եմ չասեք, որ տղաները մեզ կներեն, եթե երկու ամիս էլ ավել մնան։ Այդ երկու ամիսն այլևս երկու ամիս չէ, չեն ների, իսկ այն պայմաններում, ինչ պայմաններում նրանք պահվում են՝ նույնիսկ մեկ օր ավել չեն կարող գտնվել։ Այս մասին ԱԺ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով Փաշինյանին։

Էլինար Վարդանյանը հիշեցրեց օրեր առաջ ՄԻՊ-ի և իրավապաշտպանների կողմից հրապարակած զեկույցը՝ հիմնված լուրջ փաստահավաք աշխատանքի վրա, որոնք ցույց էին տալիս, թե ինչ անմարդկային և ստորացուցիչ պայմաններում են պահվել և պահվում մեր ռազմագերիները։

«Որքան էլ հորդորեք այս դահլիճում չներկայացնել, չնկարագրել այդ խոշտանգումները, որոնց ենթարկվել և ենթարկվում են մեր գերիները, դրանից իրականությունը չի փոխվի։ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց, որը հրապարակային է եղել և բոլորը հնարավորություն ունեին ծանոթանալու այն դաժան իրականությանը, որում գտնվում են մեր ռազմագերիները» ,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ իրավապաշտպանների կողմից հրապարակվել են թվեր, համաձայն որի՝ Ադրբեջանի կողմից գերեվարված 38 անձ արտադատական գնդակահարությունների է ենթարկվել, ևս 30-ի վերաբերյալ տվյալներ են հավաքվում, նրանց տեսել են, լուսանկարահանել կամ տեսանկարահանել գերության մեջ, բայց նրանց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա, նրանք ենթարկվել են հարկադիր անհետացման կամ սպանվել։

Փաշինյանը նշեց, որ պատգամավորի կողմից հիշատակված տեղեկություններն առաջին հերթին հավաքագրվել են պետական մարմինների կողմից, այդ թվում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի, դատախազության, ԱԱԾ, ՊՆ կողմից, գուցե դրանց վերաբերալ մամուլի ասուլիսներ չեն տրվում, բայց ամենօրյա աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։

Նա հայտնեց, որ այս պահին 243 անձի գտնվելու վայրն անհայտ է։ Միաժամանկ նորից նախկինների օրինակներ նշեց, թե սա նոր երևույթ չէ, Արցախյան առաջին պատերազմից հետո էլ իբրև շատերի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ։

Էլինար Վարդանյանն արձագանքեց, որ ինքը խոսում է գերեվարվածների ու հարկադիր անհետացման ենթարկվածների մասին, այսինքն նրանց տեսել են բանտերում, այնուհետև նրանց մասին որևէ ինֆորմացիա չկա, միգուցե սպանվել են։

«Խոսում եմ այսօրվա խնդրի մասին, ինձ ասում եք Արցախի առաջին պատերազմի ժամանակ մոտ 200 անհետ կորած է եղել։ Շատ  վատ է, որ եղել է։ Բայց ես ասում եմ այն բանի մասին, ինչի համար պատասխանատու եք դուք, ձեր իշխանությունը։ Գոհացուցիչ չի կարող լինել այն ընթացքը, որով փորձում ենք իրենց հետ բերել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։