կարևոր
559 դիտում, 1 օր առաջ - 2021-09-15 20:09

Խաղողագործը պետք է իմանա իրեն ինչ է սպասվում, որ սեզոնին չկանգնի նույն կոտրած տաշտակի առաջ․ Արծվիկ Մինասյան

Խաղողագործների մասով բավական մեծ աղմուկ կա, ուզում եմ, որպեսզի Կառավարությունը հստակ պատասխանի, ի վերջո, ինչպե՞ս է ստացվում, որ ամեն անգամ խոսք է տրվում, որ այս մասով հարցը կլուծվի, բայց երբ գալիս է սեզոնը խաղողագործները կանգնում են նույն կոտրած տաշտակի առաջ։ Սկսած գումարների՝ այսինքն ընդունման գների անհամաչափությունից, ավարտված մարդկանց ապրանքը ոչնչացնելու անթաքույց մեխանիզմի գործադրմամբ։ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ միակ խնդիրը, որ այս պահին կա՝ խաղողի գնի շուրջ է, և այդ կապակցությամբ այսօր ինքը խորհրդակցություն է ունեցել մթերող ընկերությունների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնյակի, այսինքն տեխնիկական սորտի խաղողի ընդունմանը գինը դարձնել 130 դրամ։ 

Մինասյանն էլ արձագանքեց, որ խոսքը միայն մթերող կազմակերպությունների մասին չէ։ Այլ խնդիրը նախևառաջ խաղողագործներն են, որոնց հետ պետք է երկխոսության համակարգ ստեղծվի, կամուրջ ձևավորվի, որը թույլ կտա սեզոնի շրջանում ոչ թե նորից լարվածություն ստեղծվի, այլ խաղողագործն իմանա, թե ինքը ինչ կարող է սպասել․ սկսած մթերման կամ հանձնման գնից, ավարտված նրանով, որ իրենք այդ ավելացված արժեքից պետք է ստանան առավելագույնը, այլ ոչ թե այն կազմակերպությունը, որը օգտվում է այդ բարիքից։