կարևոր
610 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 19:19

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված․ վճռաբեկ բողոք կներկայացվի

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված․ վճռաբեկ բողոք կներկայացվի

Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Դավիթ Կարապետյանը՝ հայտնելով, որ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացվի։

Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը, Մենուա Հովսեփյանը և Գորիսի համայնքապետարանի երկու կին աշխատակից ձերբակալվել են օգոստոսի 17-ին: Դատարանի որոշմամբ՝ Մենուա Հովսեփյանը կալանավորել է երկու ամսով, նա այժմ  «Արմավիր» ՔԿՀ-ում է։ Իրինա Յոլյանը և մյուսները ազատ են արձակվել:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, Մենուա Հովսեփյանին՝ նաև 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով: Քրեական օրենսգրքի 179 հոդվածը վերաբերում է յուրացնելուն կամ վատնելուն:

Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածը վերաբերում է նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն։