կարևոր
1810 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-15 16:22

Գլխավոր դատախազը բժիշկներին խոստացել է հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն ներկայացնել՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկելու համար

Գլխավոր դատախազը բժիշկներին խոստացել է հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն ներկայացնել՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկելու համար

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող բժիշկների հետ։

Բժիշկ Սամվել Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատախազին է ներկայացրել է Արմեն Չարչյանի առողջական վիճակը, նրա մոտ առկա ծանր ախտաբանության բարդությունները։ Հանդիպման ընթացքում բժիշկը փորձել է հիմնավորել քաղաքացիական հիվանդանոցում Չարչյանի բուժման արդյունավետության հավանականությունը, նշել, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում քաղաքացիական բժշկական կազմակերպությունում բուժումն ավելի արդյունավետ է, ավելի մեծ արդյունքների կարող են հասնել։

«Պարոն դատախազն ուշադիր լսեց, ճշգրտող հարցեր տվեց, պարզաբանումներ ներկայացրի»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ պատճառաբանվել է, թե Արմեն Չարչյանին անազատության մեջ պահելն ինքնանպատակ չէ՝ իրավական գործընթացն է այդպիսին։

«Նորից հիմնավորեցի, որ այստեղ առողջական վիճակի խիստ վատթարացում ունենք։ Ճանապարհ ինձ ցույց տվեց պարոն դատախազը, ասաց՝ միանշանակ կողմ է իմ այս դիրքորոշմանը, պարզապես, համապատասխան ախտորոշումների հիմնավորումներ է պետք ներկայացնել, և այդ դեպքում խոստացավ ամեն ինչով օգնել։ Ինքը ևս կմիջնորդի հրատապ նիստ հրավիրել»,- նշեց նա՝ հավելելով, որ, որքանով հասկացել է, դատախազության լիազորություններից դուրս է այլ գործողություններ կատարելը, գործը գտնվում է դատարանում, հետևաբար, դատավարության ընթացքում պետք է այդ հարցը քննարկվի։

Սահակյանի խոսքով՝ գլխավոր դատախազը խոստացել է, որ ինքը ևս կմիջնորդի հրատապ նիստ գումարել։