կարևոր
574 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 16:02

«Մեկ շաբաթ հետո կարող է ուշ լինել». Արմեն Չարչյանի ազատության համար բողոքի ակցիա են անում բժիշկները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մեկ շաբաթ հետո կարող է ուշ լինել». Արմեն Չարչյանի ազատության համար բողոքի ակցիա են անում բժիշկները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բժիշկները բողոքի ակցիա են իրակացնում՝ ի պաշտպանություն պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արմեն Չարչյանի։

«Հավաքվել ենք մեր մտահոգությունը հայտնելու ՀՀ քաղաքացու առողջական վիճակի վատթարացման մասին։ Քաղաքացու, ով արդեն ուներ ծանր հիվանդություն և անազատության մեջ մնալու պայմաններում խորացել է այդ հիվանդությունը, բազմաթիվ բարդություններ են ի հայտ եկել։ Արմեն Չարչյանն ունի ինսուլինակախյալ շաքարային դիաբետ հիվանդություն։ Սա շատ ծանր, բայց կառավարելի ախտաբանություն է։ Չարչյանի համարյա բոլոր օրգանները ախտահարված են, դրանք ծանր ախտահարումներ են։ Այսօր իմացա, որ նաև աչքն է ախտաբանական գործընթացի մեջ մտել: Գոյություն ունի կառավարության որոշում, որտեղ հստակ սահմանվում են այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են քաղաքացու կալանքի հետ: Այս ցանկի մեկ հոդվածին էր համապատասխանում Արմեն Չարչյանի առողջական վիճակի բարդացումները, այսօր իմացա, որ արդեն 4-ի է հասել: Խոսքը ծանր բարդությունների մասին է: Մեկ շաբաթ հետո այս 4-ը կդառնա 8», - լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող բժիշկ Սամվել Սահակյանը։

Նրա խոսքով՝ կա կառավարության համապատասխան որոշմամբ հիվանդությունների ցանկ, որոնք անհամատեղելի են քաղաքացու կալանքին կամ պատիժ կրելուն։

Սամվել Սահակյանը հավելեց, որ փաստաբանը դիմել է, որ հրատապ նիստ նշանակվի, որը նշանակվել է ամսի 1-ին. «Մեր այստեղ գալու իմաստն այն է, որ հանդիպենք գլխավոր դատախազի հետ առանց բանավիճելու միտման: Մենք պարզապես խնդրանքով ենք դիմելու, որ փոխեն խափանման միջոց կալանքը;

«Մեզ մոտ տպավորություն է, որ դատախազությունը գործ չի անում՝ հրատապ նիստ հրավիրելու։ Մեկ շաբաթ հետո կարող է ուշ լինել։ Ես չեմ ուզում բացահայտել ախտորոշումները, բայց խնդրում եմ հավատացեք, որ շատ ավելի վատ է վիճակը, քան ես կարող եմ ներկայացնել», - ասաց բժիշկ Սահակյանը։

Նա նշեց, որ չկառավարվող այդ հիվանդությունը չափազանց վտանգավոր է։