Դուշանբեում կայացել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Հրապարակված համատեղ լուսանկարներում, սակայն, Հայաստանից ներկա է միայն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը բացակայում են: Նախօրեին էր լուր տարածվել, որ Կարապետյանի մայրն է վախճանվել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ որոշվել է նման ձեւաչափով հաջորդ նիստը անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին: Նաեւ, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի նախագահությունն անցնում է Հայաստանին, Զասը հայտնել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իր առաջնահերթությունների մասին:
Նիստին քննարկվել է ռազմա-քաղաքական իրավիճակը ՀԱՊԿ-ի տարածաշրջանում, արձանագրվել է, որ դրությունը բարդ է մնում կազմակերպության անդամ երկրների սահմանների ամբողջ երկայնքով: Անդրադարձ է կատարվել նաեւ Աֆղանստանի իրավիճակին, ընդունվել է համատեղ հայտարարություն: Հաստատվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վաղը կայանալիք նիստի օրակարգը: