կարևոր
472 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 12:48

Դատախազների բերված բողոքն առարկայազուրկ է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Դատախազների բերված բողոքն առարկայազուրկ է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների, դատախազների և տուժող կողմի ներկայացուցչի բողոքների գործով լսումները։

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը բողոք ներկայացնելու փոխարեն սկսեց հրապարակել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Նախագահող դատավոր Հովակիմյանն ընդհատեց պաշտպանին՝ նշելով, որ դրա կարիքը չկա, եզրափակիչ մասին դատավարության կողմերը ծանոթ են, իսկ դատարանը քննում է 300․1 հոդվածով քրեական գործը կարճելու առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը։ Սեդա Սաֆարյանն ստիպված էր ամփոփել ելույթը՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Դատախազների բողոքի հետ կապված իր դիրքորոշւմը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, նշելով, որ քրեական դատավարության կանոնները հստակ սահմանված են և, անձով կամ ոչ դատավարական շահերով պայմանավորված, դրանք չեն կարող պարբերաբար փոփոխվել։

«Չի կարող անձի վիճակը վատթարացնող քրեադատավարական նորմը կիրառվել անձի նկատմամբ այն պրոցեսում, որն արդեն սկսվել է։ Հետևաբար, որքան էլ դատախազությունը ցանկանա կանոն փոխել, այն չի կարող կիրառվել սույն գործով նախկինում ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ, որովհետև այս պահին այդ անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվում», - ասաց Խուդոյանը։

Ըստ նրա՝ դատախազների բերված բողոքն առարկայազուրկ է, իսկ օրենքում եղած բացը պետք է լրացվի օրենքի փոփոխությամբ։ Եթե նույնիսկ օրենսդրական փոփոխություններից հետո դատախազությունն իր ուզած լիազորությունն ստանա, միևնույն է, սույն գործով դրանք կիրառելի չեն լինի։ «Հնարավոր չէ քրեադատավարության օրենսդրությունը շրջել այնպես, որ դատախազության ցանկությունն իրականանա», - ընդգծեց Խուդոյանը։

Ավելացնենք, որ Խուդոյանի ելույթի ժամանակ Սեդա Սաֆարյանը դժգոհեց դատավարության ընթացքից և իր կամքով լքեց դատական նիստերի դահլիճը։

Դատարանն ավարտեց այսօրվա քննությունը՝ հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ին: