կարևոր
418 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 10:36

ՀՀ վիճակագրական կոմիտեն օգոստոսին ձկնամթերքի շուկայում արձանագրել է 1.5 տոկոս գնաճ. «Ժողովուրդ»

ՀՀ վիճակագրական կոմիտեն օգոստոսին ձկնամթերքի շուկայում արձանագրել է 1.5 տոկոս գնաճ. «Ժողովուրդ»

Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է։ Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ վիճակագրական կոմիտեն օգոստոսին, հուլիսի համեմատ, ձկնամթերքի շուկայում արձանագրել է 1.5 տոկոս գնաճ։

Միայն «Իշխան» ձկնատեսակի գինը բարձրացել է 1.7 տոկոսով։ Տեղեկացնենք, որ «Սպիտակ Իշխանի» մեկ կիլոգրամը, եթե այն վաճառքի կա, ապա արժե 2300 դրամ, իսկ «Կարմիր Իշխանի» մեկ կիլոգրամը վաճառվում է 2700 դրամով։ Բայց սա դեռ ամենը չէ. այն առաջիկայում է՛լ ավելի է թանկանալու։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ձկնաբույծները, իսկ պատճառը ջուրն է։

Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը հայտարարեց, որ ձկնամթերքի գնի բարձրացումը պայմանավորված է ոչ միայն կերի թանկացմամբ, այլեւ էլեկտրաէներգիայի սակագինն է ձկնարտադրողների համար բարձրացել։

«Դրանք քիչ են, հիմա էլ ջուրն է թանկանում։ Ջուրը մենք գնում ենք պետությունից, հետո այն հետ ենք տալիս պետությանը դրենաժների միջոցով ոռոգման համար։ Հիմա ուզում են որոշում կայացնել, որ դրա համար էլ պարտավորված լինենք վճարել 0.11 դրամ՝ 1 խմ դիմաց։ Իսկ մենք մեծ քանակի ջրեր ենք օգտագործում, 24 ժամ օգտագործվում է այդ ջուրը։ Բնականաբար, այս ամենը կտանի թանկացման. կերն ամբողջությամբ գնում ենք եվրոյով, դոլարով, հոսանքի համար մեծ գումարներ ենք վճարում, իսկ մենք ահռելի չափերի հոսանք ենք օգտագործում»,- գրել է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում