կարևոր
628 դիտում, 5 օր առաջ - 2021-09-14 17:34

Փողն ու իշխանությունը ոչինչ են ազգային-պետական մտածողության, արժեքների դիմաց. Վազգեն Սարգսյանը լինելու է, դուք՝ ոչ. Աղվան Վարդանյան

Փողն ու իշխանությունը ոչինչ են ազգային-պետական մտածողության, արժեքների դիմաց. Վազգեն Սարգսյանը լինելու է, դուք՝ ոչ. Աղվան Վարդանյան

Փողն ու իշխանությունը ոչինչ են ազգային-պետական մտածողության, արժեքների դիմաց. Վազգեն Սարգսյանը լինելու է, դուք՝ ոչ: Այս մասին Աժ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբացության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը.

«1999 թվական: ՎազգենՍարգսյանը վարչապետ է: Նայում է տնտեսությունը: Պարզվում է՝ տասնյակ բիզնեսմեններ ժամկետանց պարտքեր ունեն պետությանը: Ցուցակը բաժանում է նախարարների միջեւ: Հանդիպեք, ասեք՝ պետության պարտքը վերադարձնեն, հանձնարարում է Վազգեն Սարգսյանը: 

Մի շաբաթից կանչում է՝ զեկուցեք՝ ինչ եք արել: Նախարարներից մեկը զեկուցում է՝ իմ ցանկում հինգ հոգի էր: Չորսի հետ պայմանավորվել եմ, ժամանակացույց ենք կազմել, կվճարեն:  Հինգերորդին հանդիպեցի, սուրճ խմեցինք, ասացի՝ էսպես֊-էսպես,  պետության փողը պիտի վերադարձնես: Ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ... Էդպես էլ ասա՞ց, հարցնում է Վազգեն Սարգսյանը: Այո, այդպես էլ ասաց: Դրան կբերես ինձ մոտ, ասում է վարչապետը:

Գալիս են, ներս մտնում:

- Բարեւ ձեզ, պարոն վարչապետ,- ասում է նախարարը:

- Բարեւ ձեզ, զեկուցեք, պարոն նախարար։

Մյուսն էլ է բարեւում: Վրան չի նայում, սենյակում էդպիսի մարդ չկա, գոյություն չունի:

- Այս մարդուն հանդիպեցի, պարոն վարչապետ, ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ...

Մյուսը փորձում է՝ թույլ կտաք, պարոն վարչապետ... Չկա, վրան չի նայում, գոյություն չունի:

- Դուք ուժային նախարար եք, չէ՞:

- Այո, պարոն վարչապետ:

- Գնդակահարել: 

Բիզնեսմենը չոքում է, կաղկանձում: Հատակը, կարծեմ, թաց է: Կատարել, պարոն նախարար, ասում է Վազգեն Սարգսյանը, ազատեք: Նախարարը շրջվում է՝ դուրս գա:

- Էս աղբն էլ հետդ տար,- ասում է Վազգեն Սարգսյանը: Երեք օր հետո պետության պարտքը վճարված էր:

Զի՞նչ ցուցանե պատմությունս: Անցել է  22 տարի: Մարդիկ դուխավորվել են: Այս դահլիճում փորձում են վարկաբեկել Վազգեն Սարգսյանին: Մեղադրում են պետական հեղաշրջում անելու մեջ: Ինչպես տմարդի Ռոբերտ Քոչարյանին էին մեղադրում։

Ձեզ տղա դառնալու համար 22 տարի՞ էր պետք: Այն ժամանակ մեղադրեիք: Թե խառնել եք՝ ինչ է պետությունը, ինչ է բիզնեսմենը:

Սա հարցի մի կողմն է: Երկրորդն էլ կա: 

Վազգեն Սարգսյանը ազգային մտածողության սիմվոլ է, պետական գործիչ, Արցախի ազատության նվիրյալ: Սա են փորձում ոչնչացնել: Խայտառակպարտությունից, համազգային ողբերգությունից, Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը պղծելուց հետո սա են անում: Հանուն թուրք-ադրբեջանցիների հետ բարիդրացիության:

Իրականում՝ հանուն փողի եւ իշխանության:

Միջանկյալ մի հարց էն պուճուրին. Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից հանելու համար միայն Ստեփանակերտ ես զանգե՞լ, թե՞ նաեւ Հայաստանի կառավարություն:

Չեք հաջողելու ոչնչացնել սիմվոլները։ Ձեր ժամանակը կարճ է: Փողն ու իշխանությունը ոչինչ են ազգային-պետական մտածողության, արժեքների դիմաց: Վազգեն Սարգսյանը լինելու է, դուք՝ ոչ։

Այս կարճ խոսքի մեջ ես տասնմեկ անգամ եմ տալիս Վազգեն Սարգսյանի անունը, երկու անգամ՝ Ռոբերտ Քոչարյանի։ Այս երկու և էլի անուններ հաղթանակի հոմանիշ են։ Լսեք այս անունները։

Որ սրանից հետո տասներեք անգամ մտածեք խոսելուց առաջ»: