Կարող ենք արձանագրել, որ բոլոր ժամանակներում դատական իշխանության նկատմամբ մշտապես ցանկություն է եղել ազդեցության լծակներ պահել։ ԱԺ-ում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այսօրվա իշխանության ներկայացուցիչների կողմից շատերն են փորձ անում նախկին համակարգերի վրա բարդել բավականին ծանր մեղադրանքներ, որոնց մի մասն իրականություն է, մի մասը հերթական մանիպուլյացիան, որ արդարացվեն գործադիր իշխանության ճնշումները։
Մեզ պետք է, որ ժամանակի ցանկացած պահին, հատկապես օրենսդիր մարմինն այնքան կամք ունենա իր մեջ, որ կարողանա զսպել գործադիր իշխանության ազդեցությունը դատական համակարգի վրա»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը հաճախ խրախուսում, քարոզում և ինքն է դառնում մասնակիցը դատական իշխանության նկատմամբ ճնշումներ գործադրելու ուղղությամբ։
«Մինչև ընտրություններն ունեցանք բավականին համարձակ դատական ակտեր և իրենց համարձակությամբ աչքի ընկնող դատավորներ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն դատավորներին, որոնք ունեցել են այդ կամքն ու վճռականությունը՝ չենթարկվել օրվա իշխանության ճնշումներին, կայացրել են իրենց խղճին և համոզմունքին համապատասխան որոշումներ, հիմնվել են իրավունքի գերակայության վրա»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությանը, Մինասյանը հայտնեց, որ իրենց խմբակցության պատգամավորներն ազատ կքվեարկեն դատավորի թեկնածուների ընտրության ժամանակ։ Արծվիկ Մինասյանը նկատեց, որ այսկերպ լավ նախադեպ կստեղծեն, որ ասեն՝ քվեարկությունը ոչ թե հրահանգով է կատարվում, այլ հանդիպումներով, քննարկումներով, մարդկանց տեսակետներն ըմբռնելով։