կարևոր
4678 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-14 14:37

Քաղաքապետի հետ հանդիպում պահանջող Ֆիզգորոդոկի բնակիչներին ոստիկանությունը բերման է ենթարկել

Քաղաքապետի հետ հանդիպում պահանջող Ֆիզգորոդոկի բնակիչներին ոստիկանությունը բերման է ենթարկել

Ֆիզգորոդոկի բնակիչները շինարարական աշխատանքների կասեցման ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման պահանջով փակել են քաղաքապետարանի հարակից փողոցը։

Ոստիկանության աշխատակիցները բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսին բռնի ուժով բերման են ենթարկել։ 

Մոտ մեկ ժամ անց բնակիչների հետ հանդիպմանը ներկայացավ ավագանու իմքայլական անդամը, նշեց, որ նիստին ընդմիջում է հայտարարվել, ուստի ներկայացել է հանդիպման, սակայն բնակիչները պնդում են՝ անձամբ քաղաքապետին հանդիպելու պահանջով են ներկայացել։

Գիտավանի բնակիչները ավագանու անդամներից պահանջում էին դուրս գալ, իրենց հավաքագրած փաստաթուղթը փոխանցել քաղաքապետին ու ասել, որ չեն հեռանալու առանց կասեցման որոշման։

«Էդ ծառերը քաղաքապետարանը չի տնկել, Ալիխանյանն է տնկել։ Ինչո՞ւ չեք կանգնեցնում այդ պրոցեսը։ Ես վստահ եմ, որ իրավական առումով մենք հաղթելու ենք։ Չի կարելի երեխաներին ջարդել, ի՞նչ ապագա են այստեղ նրանք ակնկալում։ Եկեք գոնե մի ծառ փրկենք, մինչև քննությունը մեկնարկի»,-ասացին բնակիչները։

«Կան բերման ենթարկվածներ։ Ոստիկանները կոպիտ ձևով, այնպես, ինչպես մեր գորոդոկում են արել, բռնությամբ մարդկանց քարշ տալով տարան։ Սա ապօրինություն է, երբ քաղաքացիներն իրենց անհնազանդությունն են հայտնում և քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում, իրենց բերման են ենթարկում», - ասաց բողոքի ակցիա իրականացնող Լուսինե Գրիգորյանը։

Քաղաքացին ասաց, որ կան բնակիչներ, ովքեր 20 օրից ավելի հաց չեն կերել, նրանցից մեկը նույնիսկ երեկ ջրադուլ է հայտարարել։

«Այդ մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում այս և շատ ուրիշ կառույցների անգործության պատճառով»,- ասաց Լուսինե Գրիգորյանը։

«Բերման ենթարկեք Երևանի քաղաքապետին, նա երկու տարի է՝ խուսափում է նայել մեր աչքերին։ Թող հիմա իջնի ու նայի մեր աչքերին»,-պահանջում են քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Ֆիզգորոդոկի բնակիչները։

Նրանց բարկացրել է ավագանու ընթացող նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամի հնչեցրած այն հայտարարությունը, թե շինարարական աշխատանքներն օրինականության սահմաններում են։

«Դա մեզ դրդեց գնալ կտրուկ քայլերի։ Այն, ինչին ականատես եղանք, խայտառակություն է։ Պահանջում ենք հենց հիմա ընդհատել այդ նիստը և ներկայանալ այստեղ, դադարեցրեք այս մանկապարտեզը»,-հայտարարեցին նրանք՝ վանկարկելով «կասեցում» պահանջը։

Նշենք, որ գիտավանի բնակիչներից երկուսը 20 օրից ավելի հացադուլ են հայտարարել, իսկ երեկ նրանցից մեկը՝ ջրադուլ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Երևանի «Ֆիզգորոդոկ» հատվածում քաղաքապետարանը թույլտվություն է տվել բարձրահարկ շենք կառուցելու։ Բնակիչները պայքարում են դրա դեմ, քաղաքապետարանից պահանջում են տարածքի կարգավիճակի եզրակացությունը։