526 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-14 13:29

ԱԺ խմբակցությունները ԱԱԾ տնօրենին և մյուս պաշտոնյաներին ԱԺ հրավիրելու հարցում ընդհանուր հայտարարի են եկել

ԱԺ խմբակցությունները ԱԱԾ տնօրենին և մյուս պաշտոնյաներին ԱԺ հրավիրելու հարցում ընդհանուր հայտարարի են եկել

Ազգային ժողովում իշխանությունն ու ընդդիմությունն ընդհանուր հայտարարի են եկել, որ Սյունիքում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ կազմակերպեն խորհրդարանում ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, գլխավոր դատախազի, ՊԵԿ նախագահի և պատկան այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Երեկ մենք «Հայաստան» խմբակցության անունից գրությունն ուղարկել ենք, որտեղ մատնանշել ենք կարեւորությունը, հրատապությունը եւ հարցերի մի խումբ, որոնք վերաբերում են անվտանգությանը, պաշտպանվածությանը, տնտեսական բաղադրիչին, մարդու իրավունքների խախտումներին եւ առաջարկել ենք, որ ներկա գտնվեն առաջին դեմքերի մակարդակով պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, մարդու իրավունքների պաշտպանն ու ՊԵԿ նախագահը: Շատ կարեւոր է, որ մենք լիարժեքորեն ստանանք տեղեկատվություն: Հնարավոր է, որ այստեղ պետական գաղտնիքի տարրեր լինեն, հետեւաբար մենք պատրաստ ենք բաց կամ փակ քննարկման»,-ասաց նա հավելելով, որ ըստ էության, այդ տարածքում մենք կորցրել ենք Հայաստանի ինքնիշխանությունը»:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենց գրությանը ԱԺ ղեկավարության կողմից ընթացք է տրվել, որոշվել է, որ լինելու է փակ քննարկում, փորձելու են անել այնպես, որ առաջին դեմքերը ներկա լինեն քննարկմանը:

Պատգամավորի փոխանցմամբ՝ այժմ քննարկվում է հանդիպումը կազմակերպելու օրվա և ժամի հարցը։

Հիշեցնենք, որ երեկ Աժ երկրորդ նստաշրջանի մեկնարկին «Հայաստան» խմբակցության անունից կոչ արվեց քննարկման դնել և խորհրդարան հրավիրել ԱԱԾ տնօրենին Սյունիքում ստեղծված իրավիճակը քննելու հարցով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԱԱԾ-ի, ադրբեջանցիները Սյունիքի մարզի Որոտանի հատվածում անցակետ են տեղադրել և իրանական բեռնատարներից գումար են գանձում։