կարևոր
451 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-14 13:00

Դուք պատրաստվու՞մ եք ներողություն խնդրել, որ պաշտպանել եք 300.1-րդ հոդվածով խայտառակ հետապնդումը. Վարդևանյանը՝ Ջհանգիրյանին

Դուք պատրաստվու՞մ եք ներողություն խնդրել, որ պաշտպանել եք 300.1-րդ հոդվածով խայտառակ հետապնդումը. Վարդևանյանը՝ Ջհանգիրյանին

Տրամաբանական եմ համարում, որ արդարացման դատական ակտից հետո պետք է իրավապահները ներողություն խնդրեն անձից կատարված քրեական հետապդնման համար: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ այնուհետև խոսքն ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին:

«Դուք խոսեցիք տարուց ավելի ձեր կալանավորման մասին, ես էլ կարող եմ ասել, որ 2018 թվականից ի վեր մենք ունեցանք մեկ այլ բավականին աղմկահարույց գործ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ, որը ձեր կալանավորված լինելու ժամկետից ավելի երկար կալանավորված եղավ  300.1-րդ հոդվածի հիման վրա, որն էլ  2021 թվականի մարտի 26-ի Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվեց հակասահմանադրական, քրեական հետապնդումն էլ դադարեցվեց:

Այս հարցը ձեզ եմ տալիս, քանի որ այն ժամանակ, երբ ես փաստաբան էի, դուք էլ  ԲԴԽ անդամ չէիք, շատ հաճախ խոսում էիք այդ քրեական գործից, ջանասիրաբար  պաշտպանում էիք 300.1-րդ հոդվածը, ասում էիք, որ  չափազանց հստակ,  որոշակի հոդված է: Հիմա հարցս հետևյալն է. հաշվի առնելով այդ իրավական մշակույթը՝ պատրաստվո՞ւմ եք ձեր  դիրքորոշումը հայտնել, որ 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումն ապօրինի էր, ներողություն խնդրեք, օրինակ,  նրա համար, որ պաշտպանել եք նման խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը»,- հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ երբ արտահայտվել է 300.1-րդ հոդվածի վերաբերյալ, եղել է անկախ իրավաբան, որևէ պաշտոն չի զբաղեցրել, իր մասնագիտական տեսակետն է եղել, մինչև հիմա էլ այդ մասնագիտական տեսակետը չի փոխվել.

«ՍԴ-ն որոշում է կայացրել, չի կայացրել, կողմ չեմ այդ որոշմանը ոչ այս կողմից, ոչ այն: Առավել ևս՝ ձեր հիշատակած քրեական գործով որևէ դատավարական մասնակցություն չեմ ունեցել, որևէ որոշում չեմ կայացրել, որևէ ակտ չեմ ստորագրել, ընդհանրապես առնչություն չեմ ունեցել:

Ինչո՞ւ հիմա չեմ արտահայտվում: Եթե իմ վրա չտարածվեր դատավորի էթիկայի և վարքագծի կանոնները, հստակորեն իմ կարծիքը կհայտնեի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ»,- ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

Բացի այդ՝ Վարդևանյանն անդրադարձ կատարեց նաև դատարաններում գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի չգործելուն։

«Այլ կերպ ասած՝ ոչ թե չի աշխատում, այլ հենց Ձեր՝ որպես ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ընթացքում վերցրել են այդ մակագրման համակարգը։ 21-րդ դարում այդ մակագրման համակարգն ամիսներով վերցրել են, ոչ էլ՝ այլընտրանքային լուծում է լինում և մարդիկ ձեռքով մակագրվում է»,- նշեց Վարդևանյանը։

Ջհանգիրյանն էլ նշեց, որ այդ մակագրման համակարգն ինքը չի վերցրել։ Նա նշեց, որ դատավորներից դժգոհություններ է եղել, որ մակագրման համակարգն անարդարություն է ստեղծում՝ դատավորների ծանրաբեռնվածության մեջ, կան սիրելի դատավորներ, որոնց դատավորների նախագահները կարճաժամկետ արձակուրդ են ուղարկում՝ գործերի հոսքի ընթացքում իրենց անունը հեռացվում է մակագրման ցանկից։