Դուք մշտապես եղել եք բարձրաստիճան պաշտոնյա, Ձեր կենսագրությունից չի երևում, որ ձեռնարկատիրական գործունեությամբ եք զբաղվել։ Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Դուք Երևանի հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն եք կառուցել, որի գինը նվազեցնելու համար այն «գոմ» անվանեցիք: Եվ Ձեր նշած այդ «գոմում» հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված։ Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ Ձեզանից «գոմ» են վարձակալել: Խորհրդարանում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Արեգնազ Մանուկյանի հարցին ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց իր առանձնատան կառուցման մասին պատմությունը, որի մասին խոսել էր նախորդ գումարման ԱԺ-ում:
«ԱԺ շենքը գտնվում է իմ նախկին տան դիմաց։ Դա ես 2003 թվականին վաճառել եմ, որը կառուցել եմ 1989թ.-ին, երբ եղել եմ ԳԱԱ-ի փիլիսոփայության, իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Այդ շենքը 2003-ին վաճառել ենք, և նաև իմ հոր օժանդակությամբ կառուցել այդ շենքը»։
Այնուհետև հավելեց, որ Իրաքի դեսպանատունը այդ առանձնատունը վարձակալել է ոչ թե իրենից, այլ՝ իր որդուց։
«Դա իմ տղայի բնակարանն է», - նշեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը։
Ջհանգիրյանը ներողություն խնդրեց Իրաքի դեսպանատնից ու հիմնավորեց, թե ինչու է իր հայտնի առանձնատունը «գոմ» անվանել։
«Գիտե՞ք՝ ինչու «գոմ» անվանեցի։ Որովհետև հարևանությամբ ապարանքներ են, իմ տունը համեստ տուն է այդ ապարանքների համեմատ։ Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ իրենք այդպիսի վատ պայմաններում են բնակվում», - ասաց Ջհանգիրյանը։
Արեգնազ Մանուկյանը ցույց տվեց տան լուսանկարը և նշեց, որ դա բացարձակապես գոմ չէ և հսկայական առանձնատուն է:
«Պարոն Ջհանգիրյան, փաստորեն դուք այն բացառիկ բախտավորներից մեկն եք, որը կարողացել է Հայաստանում 4 սենյականոց բնակարան վաճառել և Երևանի հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն կառուցել: Ընդգծեմ նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարը լոզունգ հռչակած իշխանությունը ԲԴԽ ղեկավար է դարձրել առերևույթ կոռուպցիայի մեջ ներգրավված մարդու։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ձեզ նախորդ իշխանությունների հաճախորդ էր անվանում, դուք այն ժամանակ կիսու՞մ էիք այդ տեսակետը»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց՝ դա իր անձնական խնդիրն է,ու թե ինքը և գործադիր իշխանության ղեկավարն այսօր ինչ հարաբերությունների մեջ են չի պատրաստվում բացել այդ խոհանոցը։