Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց 2015 թվականին Նիկոլ Փաշինյանի և նրա միջև տեղի ունեցած մի խոսակցություն:
«2015թ․-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախագիծ, դուք այն որակեցիք անգրագիտություն, ինչին ի պատասխան նա ձեզ մեղադրեց իշխանությանը ծառայելու մեջ, անվանեց «հաճախորդ», ասաց, որ մեծ ցանկություն ունեք գլխավոր դատախազ դառնալու, որը, սակայն, փշրվել է։
Ինչպե՞ս ստացվեց, որ դրանից մի քանի տարի անց համագործակցություն տեղի ունեցավ ձեր և Փաշինյանի մեջ, ի վերջո ո՞վ էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան, Նիկոլ Փաշինյա՞նն էր ճիշտ, որ ձեզ մեղադրում էր իշխանությունների ծառան լինելու մեջ, եթե այդպես է, հիմա ստացվում է, որ իր իշխանությանն եք ծառայում, թե դուք էիք ճիշտ, որ Փաշինյանի բերած որոշման նախագիծն անգրագիտություն է, եթե այդպես է, ինչպե՞ս ստացվեց իր հետ համագործակցությունը: Ո՞վ էր ճիշտ, պարոն Ջհանգիրյան»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը:
Ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը շեշտեց, որ պատգամավորը կարեւոր բառ է բաց թողել՝ ինքն ասել է «իրավական անգրագիտություն»․
«Նիկոլ Փաշինյանն իրավաբան չէր, թե ով էր գրել-տվել այդ որոշումը, դա այլ խնդիր է»։
Թե ինչպես ստացվեց, որ ինքը համաձայնեց գործակցել Նիկոլ Փաշինյանի հետ իշխանափոխությունից հետո, Գագիկ Ջհանգիրյանը նշեց․ «Ինձ առաջարկել է նախորդ գումարման ԱԺ մեծամասնությունը։ Հանդիպել եմ այն ժամանակվա երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որոնք խոստացել էին, որ իրենք էլ էին ինձ քվեարկելու այս դահլիճում, սակայն ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, չգիտեմ, թե ում արգելքներից հետո, լքել են դահլիճը, բայց մեծամասնության ձայները բավարար էին, եւ ես ընտրվել եմ։ Ես որեւէ մեկի հետ չեմ համագործակցում։ Դատական իշխանությունն անկախ է»։