կարևոր
1780 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-14 11:27

Արմեն Չարչյանն ահազանգել է, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Արմեն Չարչյանն ահազանգել է, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

ՀՀ Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել է Հովսեփ Բեդեվյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները։ ԱԺ-ն երեք թեկնածուներից մեկին պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավոր: Հրաչ Այվազյանին ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Ջհանգիրյանին՝ ներողություն խնդրելով, որ հարցը չի վերաբերելու թեկնածուին:

«Ուզում եմ ձեզանից հետաքրքրվել այն բոլոր մտահոգիչ լուրերի մասին, որոնք պտտվում են ձեր այսօրվա գործունեության մասին, որ դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն ու բացառապես ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել, ինչը, հասկանալի է, դատական  իշխանության դեպքում ամենաանթույլատրելին է, քանի որ Սահմանադրությամբ ՀՀ-ում դատական իշխանությունն անկախ է, անկախ է նաև ԲԴԽ-ից:

Ես խոսեցի փաստացի ձեր լիազորությունների մասին, որ շատ հաճախ դատավորները հյուընկալվում են ձեր սենյակում, դուք այդ ճանապարհով եք նրանց իշխում, ցուցումներ եք տալիս կոնկրետ մարդանց ձեր սենյակ հրավիրելով, երբեմն դուք եք գնում դատարանների նախագահների մոտ որևէ առիթով, ակնդետ հետևում եք քրեական գործերի քննություններին», - ասաց պատգամավորը:

Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց, որ ինքը չի կարող մասնակցել Ազգային ժողովի ոչ աջ հատվածի, որ ձախ հատվածի, ոչ էլ կենտրոնում նստած հատվածի քաղաքական քննարկումներին:

«Իմ վրա տարածվում է դատավոր էթիկայի և վարքագծի կանոնները, ես պետք է ձեռնպահ մնամ քաղաքական որևէ գնահատականներից, բայց դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում, ու ես պարտավոր եմ դրան պատասխանել: ԲԴԽ-ն որևէ դատավարական գործառույթով օժտված չէ: Իմ՝ ԲԴԽ-ում  ընդունվելուց ի վեր քրեական արդարադատության ոլորտում դատավորների որևէ համալրում տեղի չի ունեցել, երկու դատավորներ դուրս են եկել: Մնացել են նույն դատավորները, որոնք նշանակված են եղել առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք»,- նշեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց տիկին Թովմասյանին, որ հեռախոսազրույց են ունեցել նաև այս հարցի շուրջ.

«Կալանավորվերներից մեկը, չեմ ուզում անունը ասել, ձեզ ասել է, որ ես ճնշել եմ վերաքննիչ դատավորներին, որպեսզի այս կամ այն որոշումը կայացնեն: Ինքս հանիրավի անցկացրել եմ բանտում, ես արդարացվել եմ 12 տարի անց ու իմ իրավունքների խախտումը ճանաչել է նաև Եվրոպական դատարանը: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ես կարող եմ ճնշել դատավորներին, որպեսզի ապագայում ևս Հայաստանն ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»:

Թագուհի Թովմասյանն ասաց, որ այո, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանն է ահազանգել, որ Ջհանգիրյանի ցուցումով է իրականացվում նրա նկատմամբ խոշտանգում, հետապնդում, հետևաբար, ինքը ահազանգը հնչեցրել է՝ խնդրելով, որ եթե նման բան կա, ձեռնպահ մնալ: