«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի քվեարկությանը: Այս մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընտրության հարցի քննարկման ժամանակ՝ մտքերի փոխանակման փուլում, հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Չափազանց սկզբունքային նշանակություն ունի այն քաղաքականության հիմադրույթը, թե ի վերջո մենք ինչպես ենք պատկերացնում հակակոռուպցիոն քաղաքականությունը մեր երկրում: Անշուշտ, սա ոչ միայն անցումային, այլ բոլոր տիպի երկրների համար հիմնարար հարցերից մեկն է, առավել ևս մեր նման երկրի, որն անցնելով խորհրդային կարգրերով, որտեղ չափազանց մեծ էր կոռուցիայի դերը և նշանակությունը: Անցումային շրջանում նույնպես զերծ չենք մնացել բացասական երևույթից, ավելին այն շատ ավելի խորը ազդել է երևույթների վրա:
Պատգամավորը նշել է, որ երկար ժամանակ քննարկումների արդյունքում որդեգրվել է մի մոդել, որտեղ, մեր խորին համոզմամբ, չի կարող հակակոռուպցիոն քաղաքականությունը ունենալ դրական արդյունք, քանի որ կոռուպցիան ծնող հիմնական շարժառիթը ու պատճառը իշխանական լծակն է՝ այսինքն ազդեցության, թե՛ հանրային և ֆինանսական ռեսուրների հասանելիության, թե՛ այս ռեսուրսների բաշխման և թե՛ հանրային իրավունքների տրամադրման որոշումների կայացման մակարդակում:
«Այս առումով սկզբունքային նշանակություն ունի, թե որոնք են այն կոռուպցիայի դեմ պայքարի հակահամակարգային տարրերը, որ պետք է նպաստեն, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լինի:
Դեռևս 2000-ականների կեսերից սկսած ՀՅԴ-ն բազմիցս այս մասին ոչ միայն միջազգային գործըներների հետ աշխատանքի ընթացքում է կարևորել, այլ նաև մի քանի անգամ օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկությունների տեսքով ներկայացրել է իր մոտեցումները: Եվ մեր կուսակցությունը մեծ դերակատարություն ունի ԳՐԵԿՈՅԻ՝ Հայաստանի անդամակցության հարցում: Այս համակարգում ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել Արմեն Ռուստամյանը:
Մեր համար սկզբունքային նշանակություն է ունեցել բոլոր ժամանակներում, թե՛ այն ժամանակ, որ ընդդիմություն ենք եղել և թե՛ այն ժամանակ, որ իշխանության մաս ենք եղել: Հակակոռուպցիոն քաղաքականության կենտրոնական, սկզբունքային հարցերից մեկը ընդդիմության դերակատարությունն է: Եվ պատահական չէ, որ մեր բոլոր պնդումներում եղել է հիմնավորում՝ հակակոռուպցիոն մարմնում, տվյալ դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարումը կամ առնվազն ազդեցիկ դերակատարումն այս մարմնի գերծունեության մեջ պետք է քաղաքական ընդդիմությունը ունենա»,-ասել է նա:
Մինասյանը նշել է, որ այն մոդելը, որը որդեգրվել է հիմա, բացարձակ զրոյացրել է ընդդիմության դերակատարութունը: Ըստ պատգամավորի՝ կոռոպցիայի դեմ պայքարի կենտրոնական տեղում պետք է լինի ընդդիմությունը, որը պետք է կարողանա զսպել, հասնել այն բանին, որ իշխանական լծակների տիրապետող անձինք կարողանան զերծ մնալ կամ նվազագույնի հասցնել կոռուպցիոն դրսևորումները:
«Ընդդիմությունն այստեղ ո՞ւր է, որտե՞ղ է, ինչպե՞ս պետք է կարողանա օբյեկտիվ տեղեկատվություն ստանա պառլամենտը, երբ չկա ընդդիմության խոսքը», - ասաց Մինասյանը: