կարևոր
361 դիտում, 3 օր առաջ - 2021-09-13 20:00

«Հայաստան» խմբակցությունն առաջարկել է քննարկել Սյունիքի անվտանգության հարցը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդումը, դատավորի ընտրությունն ու այլ հարցերը պետք է երկրորդվեն, երբ Սյունիքում Ադրբեջանի ոստիկանական անցակետ է տեղադրված: Սա «Հայաստան» խմբակցության դիրքորոշումն է: Առաջարկեցին խորհրդարան հրավիրել այդ անցակետի մասին հաղորդագրության մեջ հայկական տեղանուններն ադրբեջանականի վերափոխած կառույցի՝ ԱԱԾ-ի ղեկավարին, արտգործնախարարին ու այլ առանցքային պաշտոնյաների:

Սակայն Ազգային ժողովի նախագահը չմեկնաբանեց, թե ինչ է կատարվում այս պահին Որոտանի մոտակայքում . նա էլ է միայն պաշտոնական հաղորդագրությանը տիրապետում:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ձեռնպահ քվեարկությամբ հերթական անգամ թույլ չտվեց, որ Արցախի հարցերով հանձնաժողովի մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը ներառվի լիագումար նիստերի օրակարգում: 

Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվանման մեջ ներառել նաեւ Արցախի հարցերն ու վերջինին համապատասխան գործառույթներով օժտել:  

Նիստի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաղորդումն էր: Այն Տիգրան Մուկուչյանն էր ներկայացնում:

Ինչու հետաձգվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: ԿԸՀ նախագահին հարցրեց Գեղամ Մանուկյանն` ահազանգելով` ժամանակը վարչական ռեսուրսի չարաշահման օգտին է: Բազմաթիվ համայնքներում չկան ղեկավարներ, փոխարենը նշանակվում են իշխանական պաշտոնակատարներ:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Տիգրան Մուկուչյանին հիշեցրին՝ դահլիճում դատարկ երեք աթոռ կա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Ընդդիմադիր պատգամավորները շարունակվում են անազատության մեջ մնալ:

Ընդդիմադիր պատգամավորներին, ըստ էության, չգոհացրին Տիգրան Մուկուչյանի պատասխանները: Դժգոհեցին, որ այդպես էլ քաղաքացիները չիմացան՝ ո՞վ է, ի վերջո, խախտել լռության օրը, որքանո՞վ է չարաշահվել վարչական ռեսուրսը: