կարևոր
1888 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-13 18:30

ԿԸՀ նախագահն ասում է՝ այո, խախտում եղել է, արձանագրել են, բայց չի ասում, թե ում կողմից է այդ խախտումը թույլ տրվել․ Վարդևանյան

Երբ հարցնում ենք պարոն Մուկուչյանին՝ լռության օրը ո՞վ է խախտել ՀՀ ընտրական գործընթացների այսքան տարիների ընթացքում, ԿԸՀ նախագահն ասում է՝ այո, խախտում եղել է, արձանագրել են, բայց չի ասում, թե ում կողմից է այդ խախտումը թույլ տրվել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա նշել է, որ դա թույլ էր տվել ՔՊ կուսակցության առաջին համարը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որը այդ ժամանակ հանդես էր գալիս որպես վարչապետի պաշտոնակատար։

«Այո, նախկինում ընտրությունների ժամանակ եղել են խախտումներ, եղել են նաև այս ընտրությունների ժամանակ: 

Տպավորություն առաջացավ, թե փորձում ենք համեմատականներ անցկացնել և այլն, իսկ այդ ամենը վերագրվում էր մեզ: Սիրելի հայրենակիցներ, մենք չենք արել այդ համեմատությունը, դա արել է Սահմանադրական դատարանը: ՍԴ-ն, երբ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների իրավաչափությունը հաստատելու համար հղում են տալիս ինչպես ասաց պարոն Սիմոնյանը, այնուհետև պարովն Հովակիմյանը, որ պարզվեց 1996-ին, 2003-ին, 2017-ին էլ բոլորը կեղծված ընտրություններ են, մինչև 18 թվականը բոլորն էլ կեղծված են: Հիմա ՍԴ-ն այդ ձեր գնահատմամբ՝  կեղծված ընտրությունների վերաբերյալ որոշումներին հղում է տալիս ու ասում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները լավն են, իրավաչափ: Այդ համեմատությունը դրել է Սահմանադրական դատարանը»,-ընդգծել է պատգամավորը:

«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «դրանց սաղին բռնելու եմ, շինեմ», «ճակատից շարեմ, կասեք բռնություն է», «հանկարծ չփորձեք թպրտալ», «կարճ ասած էդ համայնքի ղեկավարները ռադ են լինելու, վենդետա է լինելու»։

Ի դեպ, վերջին ձևակերպումը  քաղաքական ազնվության բացառիկ դրսևորում է, որովհետև իսկապես ընտրություններից հետո  մի շարք համայնքապետերի նկատմամբ քաղաքական և իրավական վենդետան ակնհայտ էր»,- ասել է Վարդևանյանը։

Ինչ վերաբերում է ԿԸՀ կողմից մի քանի պատգամավորի թեկնածուի կալանավորման վերաբերյալ միջնորդությունները բավարարելուն, Վարդևանյանն ասաց, որ մի դրվագ կներկայացնի, որն ամբողջությամբ արտահայտում է այն պատկերը, թե ինչ է կատավում այս ինստիտուտի վերաբերյալ.

«Քննարկվում էր հերթական միջնորդություններից մեկը կալանավորման համաձայնություն ստանալու վերաբերյալ: Ընդմիջում էր: ԿԸՀ մի քանի անդամներ, նաև ես, դատախազը, ով բերել էր միջնորդություն, քննարկում ենք մասնագիտական իրավիաճակ, որ եթե ԿԸՀ-ն մերժում է այդ միջնորդությունը, համաձայնությունը չի տալիս ի՞նչ է լինում նման իրավիճակում:

Դատախազի պատասխանը ևս շատ անկեղծ էր. ասաց՝ ոնց մերժեք մեր միջնորդությունը, ասացին դե, օրինակ, մերժենք: Ասաց՝ այդ ժամանակ առաջինը կգանք պարզելու, թե էդ ոնց եղավ, որ մերժեցիք ներկայացված միջնորդությունը, այսինքն դատախազն, անկախ սահմանադրական մարմին ԿԸՀ-ին, ասում է՝ ինչ է որ դուք նման որոշում կայացնենք, եթե կայացնեք, կգանք, կհասկանանք թե ոնց եղավ, որ մերժեցիք: Սա իրավական գործընթացի հետ կապ չունեցող վիճակ է»,-նշել է Վարդևանյանը: