կարևոր
256 դիտում, 6 օր առաջ - 2021-09-13 17:22

Ժողովրդավարական ընտրությունների ազատության և հավասարության սկզբունքը խախտվել է համատարած. Լիլիթ Գալստյան

Ժողովրդավարական ընտրությունների ազատության և հավասարության սկզբունքը խախտվել է համատարած. Լիլիթ Գալստյան

«Կարդում ես հաղորդումն ու տպավորություն է, թե զուգահեռ, միմյանց հետ կապ չունեցող տարբեր երկրներում ենք ապրում։ Մի կողմում, քաղաքական մեծամասնությունն է, որ ալպիական մանուշակի ծաղկաթերթիկներում հայտնված բզեզի երանությամբ իրեն ու հասարակությանը փորձում է ներշնչել, թե երկրում անշրջելի ժողովրդավարություն է, մյուս կողմում Հայաստանի անշպար դեմքն է՝ բռնությամբ, պետական ինստիտուտների արժեզրկումով, օրենքների և սահմանադրական նորմերի ոտնահարմամբ, պաշարված սահմաններով, նվաստացած արժանապատվությամբ, կորսված ինքնիշխանությամբ ու անստույգ ապագայով: Այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատագամավոր Լիլիթ Գալստյանը:

«Նախընտրական փուլում Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ժողովրդավարական ընտրությունների ազատության և հավասարության սկզբունքը խախտվել է համատարած, որոնք դրսևորվել են Նիկոլ Փաշինյանի խոսույթում և վարքագծում»։

Պատգամավորը մեջբերեց ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները. «Դուք տվել եք մեզ կադրային ջարդ իրականացնելու մանդատ, մենք ստացել ենք թավշյա մանդատ,  գնացեք տեղամասեր և դրանք փոխարինեք պողպատյա մանդատով։ Պատրաստվեք քաղաքացիական վրեժի և քաղաքական վենդետայի։ Վզակոթից բռնելու ենք ու շպրտենք, կծանոթանաք չագուչին, չագուչը  ձեր գլխին է ջարդվելու, բունտար համայնքապետերին լռեցնելու ենք, ուզու՞մ եք իրավապահ մարմինների դուբինկեքի տակ մնալ, իրավապահ մարմինների կրունկների տակ եք մնալու»։

Նա նկատեց, որ այդ խոսքերը  հանրային  պաշտոնյայի բարեվարքության անմակարդակության մասին չեն խոսում միայն, այլ դրանք ատելության, ահաբեկչության, նվաստացման, վախի  և բռնության մթնոլորտ տարածող ուղերձներ են:

«Բնականաբար, հանրապետության թիվ մեկ պաշտոնյայի շուրթերից հնչող սպառնալիքներն ու ահաբեկչության խոսքը, և վերջինիս հրապարակային խրախուսումը  կյանքի կոչվելու մեծ պոտենցյալ ունեն և ,օբյեկտիվորեն, Փաշինյանի հաշվեհարդարի և ճնշումների կոչերը շատ հանրային պաշտոնյաների կողմից  ընկալվեցին որպես ուղիղ հրահանգ և  հանրային հանդուրժելի վարքագիծ, գործադրվեցին բազմաթիվ դրվագներով»,-ասաց Գալստյանը և հավելեց, որ «Հայաստան» խմբակցության շատ ակտիվիստներ այդ օրերին և դրանից հետո ենթարկվեցին բռնությունների:

Նրա խոսքով՝ Փաշինյանի սպառնալիքներն ուղիղ  ցուցում էին նաև իրավապահ համակարգին, երբ խմբակցության պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանը կամավոր ներկայացավ ոստիկանություն, սակայն նրա նկատմամբ կիրառվեց ցուցադրական անհամաչափ ուժ, ինչը ասֆալտին փռելն էր:

Պատգամավորը հիշեցրեց ՀՀ ՄԻՊ-ի զեկույցի այն հատվածը, որում ասված է, որ ողջ ընտրություններն անցել են բռնության սպառնալիքի, մուրճի և հայհոյախոսության մթնոլորտում:

Նկատելով, որ  սթափ և մտածող տասնյակ հազարավոր քաղաքացիների համար այս ընտրությունները կմնան պողպատե չագուչով, սեռական բնույթի հայհոյանքով, քաղաքացիների նվաստացմամբ իրականացված ընտրություն՝ Գալստյանը շեշտեց, որ այն համեմված է պատմական ողբերգությամբ՝ այդ ողջ ընթացքում  ադրբեջանական զորքը ծվատում էր ՀՀ քաղաքական քարտեզն ու  գտնվում է  ՀՀ տարածքում։

«Հայաստանում պիտի ընտրվեր մի իշխանություն, որի համար Շուշին դժգույն էր և դժբախտ։ Մի իշխանություն, որը պատրաստ էր Որոտանին Էյվազլի, իսկ Առաջաձորին Չայզամի  կոչել, մի իշխանություն, որի համար հայրենիքից և պետականությունից ավելի թանկ սեփական իշխանությունն է»,-հավելեց նա։