կարևոր
376 դիտում, 4 օր առաջ - 2021-09-13 16:58

Իմ գործունեությունն իրենց համար քաղաքական ռիսկ է պարունակում. Արթուր Ղազինյան

Իմ գործունեությունն իրենց համար քաղաքական ռիսկ է պարունակում. Արթուր Ղազինյան

«Հանձնաժողովի փոխնախագահի կարգավիճակով իմ գործունեությունն իրենց համար քաղաքական ռիսկ է պարունակում, իրենք կցանկանան տեսնել ոչ այդքան ավելի սուր քաղաքական ընդգծված թեկնածուի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում երրորդ անգամ չընտրվելուց հետո:

Նա նշեց, որ խնդիրն իր անձի, իր քաղաքական ամբիցիաների հետ է կապված՝ սկզբունքայնություն, հանձնառություն, գաղափարական նվիրվածություն. «Ըստ երևույթին, դա իրենք արդեն զգացել են և այն կարգավիճակը, որ կստանձնեմ այս հանձնաժողովում, էական և լրջագույն ռիսկեր կառաջացնի իրենց քաղաքական իշխանության համար»:

Ա. Ղազինյանն ընդգծեց՝ փոխնախագահը կարգավիճակ է, որը տալիս է քաղաքական ավելի լայն գործունեության, ավելի մեծ լսարան ունենալու, հասարակությանն  ավելի լուրջ ազդակներ հղելու հնարավորություններ:

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից  վերահսկվող ոլորտն ունի բավական  լուրջ կենսական նշանակություն և կարևորություն: Հանձնաժողովի փոխնախագահը կարգավիճակ է, պաշտոն չէ, հետևաբար կարգավիճակից բխող գործունեությունը էական քաղաքական ռիսկեր և վտանգներ է ներկայացնում իշխանության համար»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը: 

Նա նշեց, որ ընդդիմությունն ունի հնարավորություն 1/3-րդով ձևավորել քննիչ հանձնաժողով, որտեղ արդեն պարտավոր են գալ և ներկայանալ, պատասխանել իրեն հարցերին, իրենց իրավունքն է պահանջել և ստանալ ոլորտի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, գրագրությունը, ձայնագրությունները, արձանագրությունները:

Ա. Ղազինյանն ասաց, որ օրենքով որևէ սահմանափակում չկա, թե քանի անգամ կարող է առաջադրվել նույն թեկնածուն նույն պաշտոնի համար:

«Ամեն 5 օրը մեկ նիստ ենք անելու ու այս ամեն ինչի միջով նորից անցնելու ենք: Չգիտեմ որևէ  պատճառ, որ կստիպի «Հայաստան» խմբակցությանը փոխել թեկնածուին, թե 3 անգամ առաջադրվում է մի թեկնածու, ապա ի՞նչը պետք է ստիպի  փոխել և 4-րդ անգամ բերել այլ թեկնածու:

Խնդիրն իրենցն է, իրենք անընդհատ փիառում են այս ամենը, հնարության մեջ բերում է  գերակա ուշադրություն այս գործընթացի նկատմամբ, մինչդեռ եթե առաջին անգամ քվեարկությամբ անցկացվեր, կարծում եմ, որևէ մեկի համար չէր  կարևորվի հանձնաժովի փոխնախագահի պաշտոնը»: