կարևոր
2581 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-13 16:21

Փաստաբանները դիմել են դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա մեկնելու թույլտվության հարցով

Փաստաբանները դիմել են դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա մեկնելու թույլտվության հարցով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանը հատելու թույլտվություն ստանալու համար պաշտպանական թիմը դեռևս նախորդ շաբաթ դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, սակայն առ այս պահը պատասխան չի ստացել՝ դիմումը բավարարելու կամ մերժելու մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Հովհաննես Խուդոյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնապես հրավեր է եկել մեկնել ՌԴ մայրաքաղաք՝ հանդիպումներ անցկացնելու նպատակով։
Ռոբերտ Քոչարյանը պետք է Մոսկվա մեկնի արդեն այս շաբաթ, սակայն քրեական հետապնդմամբ պայմանավորված՝ Քոչարյանի ազատ տեղաշարժի վերաբերյալ կան սահմանափակումներ, ուստի՝ ՀՀ սահմանը հատելու և Մոսկվա մեկնելու համար անհրաժեշտ է դատարանի թույլտվությունը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ դեռևս նախորդ շաբաթ դիմել են դատարանին, սակայն պատասխան դեռևս չի ստացվել, իսկ այսօրվանից դատավոր Աննա Դանիբեկյանը մեկ շաբաթով վերապատրաստման է լինելու։ Փաստաբանի խոսքով՝ տպավորություն է, որ կա՛մ պետք է համաձայնեցվի, կա՛մ ձգձգվի։