կարևոր
1288 դիտում, 4 օր առաջ - 2021-09-13 13:19

Մոտ հազար համայնքում այլեւս չեն լինելու ղեկավարներ, այլ լինելու են պաշտոնակատարներ. Գեղամ Մանուկյան

Մոտ հազար համայնքում այլեւս չեն լինելու ղեկավարներ, այլ լինելու են պաշտոնակատարներ. Գեղամ Մանուկյան

Վերջին 3 տարում ՀՀ-ում սովորական երեւույթ է դարձել այն հանգամանքը, որ տարածքային ինքնակառավարման համակարգը գլխատվում է։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց՝ տեւական ժամանակ է, որ որոշ համայնքների ղեկավարները պաշտոնակատարներ են․ «Վերջին շրջանում արդյունքը սարսափելի է լինելու։ Մոտ հազար համայնքում այլեւս չեն լինելու ղեկավարներ, այլ լինելու են պաշտոնակատարներ։

Որոշ համայնքներում չկան նաեւ ավագանիներ, որոնց ժամկետն ավարտվել է։ Համայնքների խոշորացման անվան տակ  կամ այլ պատճառներով ՏԻՄ ընտրությունները հետաձգվում են, որոշ դեպքերում նշանակվում են իշխող խմբակցության համակիր-պաշտոնակատարներ, որոնք հետո վարչական լծակի կիրառման լայն հնարավորություն են ստանում»։

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ամեն տարում ըստ օրենքի ԿԸՀ-ն սահմանում է ընտրությունների օրեր․ «Այս տարվա համար սահմանված էին սեպտեմբերն ու հոկտեմբերը։ Սակայն նկատի ունենալով շատ կազմակերպչական խնդիրներ՝ նշանակվեցին հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին»։

Գեղամ Մանուկյանը պնդեց, որ Մուկուչյանը կարծիք հայտնի այս իրավիճակի վերաբերյալ․ «Ժողովրդավարության մասին խոսող իշխանությունը երեք տարի է՝ համայնքներին զրկում է ղեկավար ընտրելու իրավունքից»։