կարևոր
1288 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-13 11:34

ԱԺ-ն չընդունեց «Արցախ» անունը կրող ԱԺ հանձնաժողովի ձևավորման առաջարկը

ԱԺ-ն չընդունեց «Արցախ» անունը կրող ԱԺ հանձնաժողովի ձևավորման առաջարկը

«Եթե նույնիսկ այս իրավիճակում մենք չենք համարձակվում Արցախի Հանրապետություն եզրույթն օգտագործել մեր օրենսդրության մեջ և ԱԺ որևէ մի հանձնաժողովի գործառույթում  «Արցախ» եզրույթը չկա, ապա, ես կարծում եմ, որ այս խուսափողական, նահանջող  գործելակերպը ոչ թե խելամտության մասին է վկայում, այլ անկամության, թուլության, անընդհատ զիջելու պատրաստակամության մասին»,- Աժ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը մեծ օրակարգ մտցնելու հարցը: Նախագծով առաջարկվում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»:

Աղվան Վարդանյանը հայտնեց, որ ներկայում տարածաշրջանում կա բոլորովին նոր իրավիճակ Արցախի խնդրի հետ կապված:

Նա պնդեց, որ որպես խորհրդարանական երկիր Հայաստանը պարտավոր է շատ ավելի համարձակ խնդիրներ դնել իր առաջ՝ կարևորելով Արցախի հիմնախնդրին առնչվող բոլոր դրվագները՝ դրանով ազդակ հաղորդելով և՛ բարեկամներին, և՛ թշնամիներին:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով ստեղծված միջխորհրդարանական հանձնաժողովի իրավասության մեջ արդեն կան առաջարկվող հանձնաժողովի գործառույթները և անհրաժեշտություն չկա նման հանձնաժողով ձևավորել:

«Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ իշխող խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

Արդյունքում ԱԺ-ն 30 կողմ և 0 դեմ ձայնով չընդունեց «Արցախ» անունը կրող ԱԺ հանձնաժողովի ձևավորման առաջարկը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ողջամիտ կասկած է առաջացել, որ ՔՊ-ն ցանկանում է Արցախից վերջնականապես հրաժարվել և տեղեկացրեց, որ ՀՀ և ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովը ոչ մի նիստ չի գումարել: