Ավարտվեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: 937 «կողմ» ձայնով այդ պաշտոնին է ընտրվել Սիմոն Բաբայանը: Երկրորդ թեկնածու՝ Գևորգ Գյոզալյանը ստացել է 144 փաստաբանի աջակցություն: Հիշեցնենք՝ ՓՊ նախագահի թեկնածուները երեքն էին՝ Սիմոն Բաբայանը, Գևորգ Գյոզալյանը և Թամարա Պողոսյանը, վերջինս, սակայն, ընտրությունից օրեր առաջ ինքնաբացարկ հայտնեց:
Փաստաբանների պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությունը ընտրությունների մասին.
«Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբանների 84,3 տոկոս (937) կողմ ձայներով Սիմոն Բաբայանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ և իր լիազորությունները ստանձնելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:
Շնորհավորում եմ Սիմոն Բաբայանին՝ մաղթելով հաջողություն: Լավ փաստաբան, դասախոս, գիտնական և հմուտ ու բարեխիղճ կառավարիչ, այն նվազագույնը, ինչը կարելի է ասել Սիմոն Բաբայան մասնագետի մասին: Փաստաբաններն ընտրեցին անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը:
Փաստաբանները մերժեցին քանդելու, քաոս ստեղծելու և բամբասանքների ճանապարհը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանուն անկախության ու միասնականության քվեարկած փաստաբաններին: Մենք ուժեղ ենք միասին:
Հ.Գ. Փաստաբանների պալատի նախորդող տարիների հետ կապված ամփոփիչ խոսքս կներկայացնեմ 2021թ. հոկտեմբերի 5-ին:»: