կարևոր
400 դիտում, 5 օր առաջ - 2021-09-12 17:21

Բենզինի շուկայում մենաշնորհի վտանգ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ի՞նչ իրավիճակ է բենզինի շուկայում եւ առաջիկայում Հայաստանում ի՞նչ տեղաշարժեր են հնարավոր: Մեր երկրի ներքին շուկայում պատկերն այսպիսին է․ կա բենզին ներմուծող 3 խոշոր ընկերություն եւ հարյուրավոր անհատ ձեռներեցներ, ովքեր զբաղվում են բենզինի վաճառքով:

Հայաստանում տարեկան սպառվում է մոտ 200.000 տոննա բենզին եւ գործում է մոտ 700 բենզալցակայան, որոնց շուկայական համախառն արժեքը չի գերազանցումմ 35 մլն դոլարը: Հնարավոր է նաեւ եւս մեկ խոշոր ներմուծող ընկերություն ավելանա այս շարքին: 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ վրացի բիզնեսմեն՝ Դավիթ Յակոբաշվիլին,  պատրաստվում է 60 միլիոն դոլարի ներդնում իրականացնել ու բենզալցակայանների ցանց ստեղծել: Յակոբաշվիլին ղեկավարում է վրացական «Petrocas  Energy Group»-ը եւ նրան են պատկանում վրացական Փոթի նավահանգստի տերմինալներն ու ռեզերվուարները: Այս կազմակերպությունը ցանկանում է գնել 21 բենզալցակայան, որը պատկանում է «Միկա» ընկերությանը։

Ըստ լրագրող, վերլուծաբան Էդուարդ Սարիբեկյանի 60 միլիոն դոլարը հսկայական ներդրում է  21 բենզալցակայանների համար եւ այդ գումարը անգամ բավական է բոլոր բենզալցակայանները սեփականացնելու՝ անգամ նորերը կառուցելու համար: «Petrocas  Energy Group»-ը նաեւ հանդիսանում է դեպի Հայաստան եկող վառելիքի փոխադրողը:

Հայկական ներկրողները  մի տոննա բենզինը Փոթիից մինչեւ Հայաստանի «Այրում» կայարան տեղափոխելու համար վճարում են մինչեւ 200 դոլար եւ այդ գումարը վճարվում է այն դեպքում, երբ ինքնարժեքը 36 դոլարը չի գերազանցում: Արդյոք կասկած կա, որ հայ գործարարները թալանվում են այս կազմակերպության կողմից:

Բայց կա ավելի վտանգավոր հանգամանք: Վառելիքի շուկայում Յակոբաշվիլու գործընկերը հանդիսանում է ադրբեջանական «Socar» ընկերությունը,  այս ընկերությունը պատկանում է ալիեվների կլանին: Հուսանք՝ կփարատվեն մտավախությունները, որ Հայաստանյան բենզինի շուկա կարող է մուտք գործել ադրբեջանական  մենաշնորհը, քանի որ հակառակ պարագայում դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ոչ միայն բենզինի շուկայում այլ անվտանգային եւ քաղաքական տեսանկյունից:

Ըստ Էդուարդ Սարիբեկյանի՝ այս գործընթացը ավելի շատ քաղաքական շահ է հետապնդում եւ տնտեսապես ջախջախված երկրում առանց քաղաքական շահի առկայության ներդրումները անիրատեսական են: Փորձագետների շրջանակում կարծիք է շրջանառվում, որ եթե Յակոբաշվիլին Հայաստանում սկսի բենզինի վաճառքով զբաղվել, բեռնափոխադրման գնի առավելության հաշվին, որը մեկ տոննայի համեմատ կազմում է 150 դոլար, կարճ ժամանակ հետո կկարողանա մենաշնորհ հաստատել:

Շուկան ապահովագրված չէ հնարավոր մենաշնորհացումից: Եթե ավտո-վառելիք ներմուծող նոր ընկերությունը կարող է նվազ գներով փոխադրումն իրականացնել, ապա արագ կգրավի շուկան՝ նաեւ սկզբնական շրջանում գները նվազեցնելու հաշվին, իսկ հայ գործարարները կարող են որոշ ժամանակ անց սնանկության եզրին հասնել ու դուրս մղվել:

Իսկ երբ մենաշնորհային դիրքեր հաստատելուց հետո բենզինի գները կտրուկ բարձրանան, մեր պետությունն, օրենքներով սահմանափակված շրջանակում, գուցե ոչինչ չկարողանա ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ, քանի որ վառելիքի ներկրումն ու մանրածախ վաճառքը կլինի մեկ անձի ձեռքում:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։