կարևոր
1576 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-12 14:44

Արմեն Չարչյանի մոտ թոքաբորբ է ախտորոշվել. փաստաբան

Արմեն Չարչյանի մոտ թոքաբորբ է ախտորոշվել. փաստաբան

Բացի սրտի խնդրից «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մոտ օրեր առաջ ախտորոշվել է թոքաբորբ, նրա վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Այս պահին Չարչյանը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում: Խափանման միջոցի հարցով երկու անգամ եմ դիմել դատարան` հրատապ նիստ հրավիրելու կապակցությամբ, նաեւ օգոստոսի 24-ին, երբ ստացա բժշկական նոր փաստաթղթեր նրա վիճակի մասին կրկին դիմեցի հրատապ նիստ հրավիրելու միջնորդությամբ, բայց մինչ օրս դատարանից լուր չկա»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: 

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։