Հոգեւորն ու մշակույթը մեկ վայրում: Արարատի մարզի Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների անսամբլի մասնակցությամբ տեղի է ունեցել բացօթյա միջոցառում:
Անսամբլի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի վաստակավոր արտիստ Լեւոն Թեւանյանի խոսքով՝ դարավոր պատմություն ունեցող եկեղեցու բակում ելույթ ունենալը մարդուն ավելի է մոտեցնում մշակույթին:
Ս. Հովհաննես Կարապետ վանական համալիրը կառուցվել է 1301 թվականին: Կառույցն առանձնահատուկ է նրանով, որ արձանագրություններում պահպանվել են ճարտարապետի, քանդակագործի անունները:
Վանական համալիրը կանգուն է մնացել մինչեւ 1678 թվականի երկրաշարժը: Եկեղեցու վանահայր տեր Արիստակես վարդապետ Այվազյանը նշեց, որ միջոցառումը նվիրված է նաեւ հինգ տաղավար տոներից վերջինին՝ Խաչվերացին:
Ուխտավորներն անկեղծանում են, որ անգամ դժվարին ճանապարհն իրենց չի խանգարում այցելել Աստծո տուն:
Ազգի գոյության հիմք հանդիսացող կրոնն ու մշակույթը այսօր էլ միավորել է Հայաստանի տարբեր վայրերից եկած մարդկանց:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։