կարևոր
1492 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-11 21:11

Սեպտեմբերի 13-ին կմեկնարկեն ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 13-ին: Հերթական  նիստերի օրակարգում երեք հարց է:

Ազգային ժողովի խորհուրդը սահմանել է հարցերի քննարկման հաջորդականությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը և Վճռաբեկ դատարանի դատավորի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունները:

Սեպտեմբերի 13-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կներկայացնի իր ղեկավարած կառույցի  աշխատանքի տարեկան հաղորդումը: Դրանում ծավալուն անդրադարձ կա հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Հաղորդումն օգոստոսի 27-ին քննարկվել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանին կներկայացնի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուներին: Այս պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանի, Վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Օրենսդիր մարմինը կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5-րդ անդամին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների, էթիկայի կանոնների պահպանման եւ հայտարարգրման գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնող այս մարմնի՝ նոր անդամի մեկ թեկնածու է առաջադրել Մրցութային խորհուրդը:Մարիամ Գալստյանը Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետն է:

Լիագումար նիստերի օրակարգում չի ներառվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը: Այն չի ստացել գլխադասային մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրակարգում չընդգրկված հարցերի հեղինակները,սակայն, հնարավորություն ունեն դրանք ներկայացնել հերթական նիստի մեկնարկին: Այս դեպքում ոչ թե գլխադասային հանձնաժողովը, այլ պատգամավորների ամբողջական կազմն է քվեարկությամբ որոշում՝ ներառե՞լ հարցը օրակարգում, թե՞ ոչ:

«Հայաստան» խմբացությունն առաջարկում է «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը» վերանվանել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի» հանձնաժողով ու վերջինին տալ նաեւ Արցախի հարցերին առնչվող գործառույթներ: Պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ձեռնպահ քվեարկությամբ:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։