կարևոր
391 դիտում, 6 օր առաջ - 2021-09-10 21:21

Միջազգային անցուդարձ․ հայ զինծառայողները մասնակցում են «Արեւմուտք-2021» ռուս-բելառուսական համատեղ վարժանքներին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

1. Հայ զինծառայողները մասնակցում են «Արեւմուտք-2021» ռուս-բելառուսական համատեղ վարժանքներին: Ռազմական փորձագետների համոզմամբ՝ սրանք վերջին տասնամյակների ամենախոշոր զորավարժություններն են Եվրոպայում: Անհանգիստ է ՆԱՏՕ-ն: Հյուսիստալանտյան դաշինքից դժգոհել են, որ ՆԱՏՕ-ի սահմաններին մոտ անցկացվող վարժանքներին դաշինքից դիտորդներ չեն հրավիրվել: ՆԱՏՕ-ն հորդորել է Ռուսաստանին ու Բելառուսին կանխատեսելի ու թափանցիկ գործել:

2. «Արեւմուտք-2021»-ի մեկնարկի օրը Մոսկվայում հանդիպել են Ռուասաստանի ու Բելառուսի նախագահները: Բանակցել են ավելի քան 3 ժամ: Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն համաձյանեցրել են ինտեգրման բոլոր 28 ճանապարհային քարտեզները: Պուտինի խոսքով՝ Մոսկվան եւ Մինսկը ստեղծում են ընդհանուր մակրոտնտեսական քաղաքականություն: Ռուսաստանի նախագահը չի բացառել նաեւ 2 երկների միասնական խորհրդարանի ստեղծման հնարավորությունը: 2022 թվականին, Պուտինի խոսքով, ռուսական գազի գինը Բելառուսի համար նույնը կմնա: Բելառուսի ղեկավարի խոսքով էլ՝ անհրաժեշտության դեպքում 2 երկրները կարող են էլ ավելի մտերմանալ՝ ռազմական ու քաղաքական տեսանկյունից, ինչը, ըստ Լուկաշենկոյի, լավագույն պատասխանը կլինի իրենց «վատը կամեցողներին»:

3. Ուկրաինայի նախագահը չի բացառել Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը: Միեւնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ դա Ռուսաստանի ամենամեծ սխալը կլինի:

«Դրանից հետո երբեք չի լինի հարեւանություն Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ»,-նշել է Ուկրաինայի նախագահը:

Կրեմլից արձագանքել են: Ռուասաստնի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Զելենսկիի դիտարկումներն ապոկալիպտիկ են:

4. Ավարտվել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը: Դրանով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա մղել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գազատարի շահագործումը նախատեսվում է սկսել մինչեւ տարեվերջ: «Հյուսիսային հոսք-2»-ին կտրականապես դեմ է հանդես եկել Ուկրաիանան՝ մտավախություն ունենալով, որ կդադարեցվի իր տարածքով ռուսական գազի տարանցիկ տեղափոխումը: Ուկրաինան, Միացյալ Նահանգները ու գազատարի կառուցմանը դեմ հանդես եկած մի շարք այլ երկրներ մշտապես պնդել են, որ սրանով Ռուսաստանը ճնշում կգործադրի Եվրոպայի վրա:

5. Լիբանանում վերջապես նոր կառավարություն է ձեւավորել: Դա չէր հաջողվում անել շուրջ 13 ամիս, ինչի հետեւանքով երկրում սոցիալ-տնտեսական ճգնաժամն էլ ավելի է խորացել: Նախարարների կաբինետը կգլխավորի միլիարդատեր գործարար Նաջիբ Միքաթին, որը նախկինում էլ 2 անգամ զբաղեցրել է Լիբանանի վարչապետի պաշտոնը:

Ի դեպ, 24 նախարարից մեկը հայ է: Ջորջ Փուչիկյանը՝ Լիբանանի արդյունաբերության նախարարն է:

Մանրամասնում Է՝ Մարին Մելիքսեթյանը։