«Հայաստան» խմբակցությունը պետաիրավական հարցերի հանձնաժողով նախագիծ էր բերել՝ առաջարկելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվանման մեջ ավելացնել նաեւ «Արցախի հարցերը»:
Նպատակը միայն անվանման ձեւական փոփոխությունը չէ, հստակեցրել է Աղվան Վարդանյանը. անելիքներն էլ պետք է հստակեցվեն, չէ՞ որ մշտական 12 հանձնաժողովներից եւ ոչ մեկը Արցախի հարցերով գործառույթներ չունի:
Գոյություն ունի Հայաստանի եւ Արցախի միջխորհրդարանական հանձնաժողով, մի՞թե այն բավարար չէ: Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի այս հիշեցմանը Աղվան Վարդանյանը մեկ այլ հիշեցմամբ պատասխանեց. նման հանձնաժողովներ կան նաեւ այլ երկրների խորհրդարանների հետ, բայց արդյոք կարելի է հավասարության նշան դնել:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ ընդդիմադիրներն իրենց նախագծով ջուր են լցնում հարեւանի ջրաղացին: Հանձնաժողովին Արցախի հարցերով զբաղվելու լիազորություն տալը վնասում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքին: Հարցերը, որոնք Արցախի գործընկերների հետ պետք է քննարկվեն, ճիշտ չէ Հայաստանի խորհրդարանում քննարկելը:
Բովանդակային քննադատություններից հետո հերթը հասավ մեղադրանքներին. իշխանականների համոզմամբ «Հայաստան» խմբակցությունը Արցախի մասին նախագիծը բերել էր, ինչպես ժողովուրդն է ասում, լավամարդ դառնալու, իրենց էլ վատամարդ դարձնելու համար:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվանման մեջ Արցախի հարցերն ավելացնելն ըստ իշխանականների ոչինչ չի փոխում։
Աղվան Վարդանյանի պնդմամբ էլ նման հանձնաժողով չունենալը արտաքին աշխարհի համար թուլության, վախի ու ինքնիշխանության պակասի ազդակ է:
Նախագիծը գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացավ. Վլադիմիր Վարդանյանի հորդորով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քվեարկեցին ձեռնպահ:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։