Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր կայացել է Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով առաջին դատական նիստը։ Գործի դատաքննության նախապատրաստման փուլում՝ դատարանը քննարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։
Դատարան ներկայացված միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ մինչդատական վարույթն ավարտվել է, փաստացի դատավարական մեկ փուլ արդեն ավարտված է և այն քննությանը խոչընդոտելու հավանականությունը, որը մինչդատական վարույթում դատարաններն արձանագրել են, ըստ պաշտպանության կողմի, նվազման աստիճան ունի, քանի որ քրեական գործով արդեն հարցաքննվել են բոլոր վկաները։ Պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ որոշումների համաձայն՝ քննությանը խոչընդոտելու հիմքը նվազում է այնքանով, որքանով դատավարական ինչ-որ փուլ ավարտվում է։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց, որ որևէ վկայի վրա ազդեցություն գործադրելու տրամաբանություն, նպատակ չկա, որովհետև փաստացի վկաներից որևէ մեկը մեղադրական բնույթի ցուցմունք չի տալիս։ Ինչ վերաբերում է Լուսինե Ավետյանի ցուցմունքին, ապա Ալեքսանյանը հայտնեց, որ միանշանակ չի կարելի ասել, որ Լուսինե Ավետյանը միայն մեղադրական բնույթի ցուցմունք է տվել, նա նաև արդարացնող բնույթի ցուցմունք է տվել և, ըստ էության, Ավետյանի նկատմամբ ևս ազդեցություն գործադրելու նպատակ և շարժառիթ չկա այնքանով, որքանով նա նաև արդարացնող բնույթի ցուցմունք է տալիս և դատարանը հետագայում պետք է գնահատի այդ ցուցմունքները։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։
Առուշ Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։