կարևոր
853 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-10 13:25

Էկոնոմիկայի նախարարությունը խաղողագործներից խնդրել է՝ վաղը մինչև ժամը 10-ը ճանապարհները չփակեն

Էկոնոմիկայի նախարարությունը խաղողագործներից խնդրել է՝ վաղը մինչև ժամը 10-ը ճանապարհները չփակեն

Այսօր առավոտյան Արտաշատ քաղաքում՝ Արարատի մարզպետարանում, տեղի է ունեցել հանդիպում երեկ Երևան-Երասխ ավտոճանապարհը փակած խաղողագործների, մարզպետարանի ներկայացուցիչների ու Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների միջև:

Այսօրվա հանդիպմանը մասնակցած բնակիչներից 168.am-ին փոխանցել են, որ մոտ երկու ժամ տևած քննարկումների ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները խնդրել են խաղողագործներին մինչև վաղն առավոտյան ժամը 10:00-ն որևէ քայլ չկատարել, ճանապարհներ չփակել՝ պայմանով, որ վաղն այդ ժամին խաղողագործները կստանան իրենց հուզող բոլոր հարցերի լուծումները, մասնավորապես՝ նախարարությունը կներկայացնի, թե ինչ գնով և որ գործարաններն են մթերելու խաղողը, և ինչպես է իրականացվելու գործընթացը:

Հիշեցնենք, որ երեկ Արարատի մարզի Տափերական համայնքի բնակիչները փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը՝ բողոքելով խաղողի մթերման գնի դեմ։ Գյուղացիներն ասում էին, որ, տարածված տեղեկության համաձայն, Տափերական գյուղի գինու, օղու, կոնյակի գործարանները պատրաստվում են խաղողը մթերել 100 դրամով։ 

Նշենք, որ ոստիկանները փորձում էին ուժով բացել գյուղացիների փակած Երևան-Երասխ ավտոճանապարհը:

Համայնքապետարանից ոչ ոք բնակիչների հետ հանդիպման չի եկել: Գյուղացիները պահաջում էին կառավարությունից լուծել խաղողի մթերման խնդիրը և պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ճանապարհը փակելու համար նրանք օգտագործել էին բեռնատար մեքենաներ:

Ոստիկանները բանակցություններ էին վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում էին՝ ասելով, որ արդեն համբերության բաժակը լցվել է. էլ չեն հավատում ոչ մարզպետին, ոչ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին.

Նշենք, որ սա խաղողի մթերման հարցով ճանապարհը փակելու առաջին դեպքը չէ: Սկզբում Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղի բնակիչներն էին փակել:  Խաղողագործները պահանջում էին մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում:

Իսկ օրեր առաջ Արագածոտնի մարզի խաղողագործներն էին փակել Երևան-Աշտարակ մայրուղին: Նրանց խոսքով՝ խաղող մթերողները պայմանագրում հատուկ կետ են մտցրել, ըստ որի գնիջեցում է նախատեսվում՝ պահանջվող որակի խաղող չբերելու դեպքում։

Հիշեցնենք՝ Կառավարության վերջին նիստին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե Հայաստանում այլևս չեն լինելու իրենց բերքն իրացնել չկարողացող խաղողագործներ, այլևս չի լինելու դեպք, երբ խաղողագործները, առանց հիմնավորումների, կփակեն ճանապարհը։