կարևոր
1288 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-09 21:37

Իշխանությունը խոշտանգում և քաղաքական հետապնդման է ենթարկում «Հայաստան» խմբակցության պատգամավորներին․Իշխան Սաղաթելյան ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ կատարվողը «Հայաստան» խմբակցության պատգամավորները գնահատում են որպես խոշտանգում: Քաղաքական իշխանությունը  հետապնդում է ոչ միայն Արմեն Չարչյանին, այլեւ խմբակցության մյուս պատգամավորներին ու բազմաթիվ աջակիցների,-պնդում է  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Համատարած բռնաճնշումների են ենթարկվում նաեւ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկայում սպասվող ընտրություններում «Հայաստան» խմբակցության հավանական թեկնածուներն ու մի շարք համայնքների գործող ղեկավարները:

Արմեն Չարչյանը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում է: Նրան տեսակցած պատգամավոր Վահե Հակոբյանի գնահատմամբ  պրոֆեսորի առողջական վիճակն այնքան վատ է, որ  իշխանությունները թույլ են տվել նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Արմեն Չարչյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ: Սա պնդում են նրա գործող ու նախկին փաստաբանները: Օրեր առաջ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր ընդհանուր իրավասության դատարանին փոխել Չարչյանի  խափանման միջոց կալանքը: Սակայն դատական նիստ այս հարցով այդպես էլ չգումարվեց. գործը քննող դատարանն արձակուրդում էր:

Փաստաբանը նաեւ միջնորդել է մասնագիտական հանձնաժողով ստեղծել, որը գնահատական կտա Արմեն Չարչյանի առողջական վիճակին: Արմեն Չարչյանի առողջական վիճակը  կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետի ծանր դրսեւորմամբ:

Պատգամավորին  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:  Ավելի վաղ նա սրտամկանի սուր ինֆարկտով հոսպիտալացվել էր, սակայն,  սեպտեմբերի 3-ին քաղաքացիական հիվանդանոցից Չարչյանին կրկին տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ վատացել է նրա ինքնազգացողությունը:

Հայաստան խմբակցության պատգամավորները  հետապնդումների ու խոշտանգումների մասին նամակներով տեղեկացրել են նաեւ մի շարք դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել էին Արմեն Չարչյանին

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։