կարևոր
652 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-09 18:56

Խախտվել է ֆիզիկայի գիտավանի բնակիչների՝ տեղեկություն ստանալու իրավունքը

Խախտվել է ֆիզիկայի գիտավանի բնակիչների՝ տեղեկություն ստանալու  իրավունքը

Երևանի քաղաքապետարանի ապօրինի անգործության, Ֆիզիկայի գիտավանի բնակիչների տեղեկացված լինելու իրավունքների կոպիտ խախտման, հացադուլի մեջ գտնվող քաղաքացիների առողջությունը վտանգելու վերաբերյալ հայտարարություն է տարածել ՖիզԳորոդոկ Երևանը։

«Ֆիզիկայի գիտավանի բնակիչները և վերջիններիս փաստաբան Դ.Ազիզյանը դեռևս 2020թ․ օգոստոսի 21-ին դիմել են Երևանի քաղաքապետին՝ պահանջելով տրամադրել տեղեկանք Ալիխանյան 6/1 հասցեում գտնվող ապօրինի սեփականացված հողի կարգավիճակի վերաբերյալ, մասնավորապես՝ այդ հողի ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ենթակա լինելու և մասնավոր անձանց ի սեփականություն փոխանցման ենթակա չլինելու վերաբերյալ:

Նշված տեղեկանքը չի տրամադրվել ո՛չ ի պատասխան այդ դիմումի, ո՛չ էլ ի պատասխան հետագայում ներկայացված համանման դիմումների։ Վերջին փաստաբանական հարցումը ուղարկել է փաստաբան Ա.Պետրոսյանը 2021թ. օգոստոսի 19-ին, սակայն այդ դիմումին ևս քաղաքապետարանը մինչ օրս չի պատասխանել՝ խախտելով օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը։

2021թ. օգոստոսի 22ին Երևանի Քաղաքապետարանում՝ քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի և այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ բնակիչները կրկին պահանջել են տրամադրել այդ և մի շարք այլ փաստաթղթեր, որոնց տրամադրումը նույնպես ձգձվել է։

Օգոստոսի 26ին քաղաքապետարանում երկրորդ հանդիպմանը պարզվել է, որ պահանջվող տեղեկությունը չարամիտ կերպով չի տրամադրվում, ինչից հետո Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ՝ Հ.Հարությունյանը և Կ.Ամիրխանյանը հայտարարել են նախազգուշական հացադուլ։

Թեև քաղաքաշինական փաստաթղթերի պատճենները ուշացումով և թերություններով վերջապես տրամադրվել են, հողի կարգավիճակի՝ ՀՀ հողային օրենսգրքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը մինչ օրս չի տրամադրվել․ ակնհայտ է, որ հողը բաղկացած է եղել այգուց և ընդհանուր օգտագործման տարածքից:

Պահանջվող տեղեկության չտրամադրումը ոչ միայն խախտում է քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը, այլ ուղղակիորեն և կոնկրետ ազդում է երկու քաղաքացիների առողջության վրա, որոնք շուրջ երկու շաբաթ իրենց բողոքն են արտահայտում լուռ ու մաշեցնող հացադուլի միջոցով՝ կրելով ֆիզիկական և բարոյական զրկանքներ։

Անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 148րդ հոդվածի համաձայն»։