12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Սահմանային բնակիչների կյանքի իրավունքը խախտված է: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը խորհրդարանում քննարկման ժամանակ ներկայացրել է այն սոցիալական խնդիրները, որոնք առաջացել են սահմանամերձ դարձած բնակավայրերում՝ ադրբեջանցի զինվորականների ներկայության պատճառով:
«Խոսքը վերաբերում է պարբերական կրակոցներին՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, որոնք դարձել են թիրախային, տների ուղղությամբ են անգամ կրակում»,-ասել է ՄԻՊ-ը:
Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանցի զինվորականների ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է, մեր երկիրը լիարժեք իրավունք ունի կյանքի իրավունքի խախտման վերացման պահանջներ ներկայացնելու:
ՀՀ ՄԻՊ-ը առաջ է քաշել մեկ այլ լուրջ խնդիր՝ ադրբեջանցի զինվորականների հարձակումները քաղաքացիական անձանց՝ հատկապես հովիվիների վրա: Բազմաթիվ են նաև սեփականության իրավունքի խախտման դեպքերը.
«Մասնավոր սեփականատերերի պատկանող բազմաթիվ հողեր, համայնքային սեփականության հողատարածքներ, վարձակալած հողատարածքներ գտնվում են ուղիղ Ադրբեջանի վերահսկողության տակ , շատ դեպքերում իրենք ֆիզիկապես ներկա են այդ վայրերում: Խոսքը միայն մայիսի 12-ի և 13-ի ներխուժումներին չի վերաբերվում, դրանից առաջ էր այդպես: Նրանք ֆիզիկապես ներկա են մարդկանց՝ կադաստրային փաստաթղթերով տրամադրված հողատարածքներում, տներում»,-ասել է Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ-ը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանցիների գործողությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնում.
«Անգամ, եթե նրանք մեկ շաբաթ ոչինչ չձեռնարկեն, այդ հարցերը չեն լուծվելու, եթե անգամ մեկ ամիս չկրակեն, միևնույն է նրանց ներկայությունն արդեն կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում է»,-ասաց Թաթոյանը և հավելեց, որ այս ամենի պատճառն անպատժելիությունն է.
«Նրանք հստակ տեսնում են, որ ինչ էլ անում են, չեն պատժվում, այլ իրենց իշխանությունները միայն խրախուսում են։ Ակնհայտ է մեկ բան` նրանք չեն հանգստանալու, եթե մենք ինքներս պաշտպանության ամուր երաշխիքներ չներդնենք»,-եզրափակել է ՄԻՊ-ը: