Արմեն Չարչյանի գործում մեղադրական դատավճիռ կայացնելու համար, որևէ ապացուցման շեմ հաղթահարված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Պատգամավորի պնդմամբ նման պայմաններում մարդուն կալանքի տակ պահելը՝ ֆետիշացված ձևով, իրավունքի հետ առնչություն չունի և կալանավորումը ծայրահեղ միջոց է, երբ ոչ մի այլ միջոց հնարավոր չէ օգտագործել՝ անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։
«Արմեն Չարչյանը այն բացառիկ մարդկանցից է, որը բժշկության ոլորտում չափազանց մեծ ներդրում ունի, և այս պայմաններում նման վերաբերմունքի արժանացնելն իրենից խոշտանգում է ներկայացնում։ Նժարի վրա ի՞նչ շահ է դրված, որ դա ավելի կարևոր լինի, քան մարդու կյանքը, առողջությունն ու վաստակը»,-նշել է Արամ Վարդևանյանը
Ըստ Վարդևանյանի սա կարող է վրեժխնդրություն լինել, բռնապետական ռեժիմի դրսևորման ամենադասական իրավիճակներից մեկը:
«Արմեն Չարչյանը դժվարությամբ էր խոսում, բայց կարողացել է ասել, որ երեկ նա հիվանդանոց է տեղափոխվել գրեթե ուշագնաց լինելու պայմաններում։ Սա նորմա՞լ է։ Իրավունքը մշտապես զարգանում է դեպի վերև, իսկ այս պայմաններում ինչի՞ հետ գործ ունենք։ Սա ցույց է տալիս՝ անձի խոշտանգում և իրավապահ մարմինների տոտալ անգործություն, ինչի պատասխանատվությունն իրենք պետք է կրեն»,-եզրափակել է Արամ Վարդևանյանը։