կարևոր
3187 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-09 14:13

Արցախից բռնի տեղահանվածները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ

Արցախից բռնի տեղահանվածները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի են դուրս եկել օկուպացված Հադրութի, Քարվաճառի, Քաշաթաղի բնակիչները՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով իրենց ապահովել տարրական կեցության պայմաններով ու բնակարաններով։ Նրանք դժգոհում են ՀՀ իշխանության անգործությունից։ Հադրութցիները 15 օր առաջ են դիմել կառավարություն, պատասխանը հուսադրող չէ։

«Մարդիկ ասում են՝ մենք չգիտենք, թե ձեզ ինչ պատասխան տանք։ Այսինքն, մեր վիճակը մնում է անորոշ։ Ես ներկայացրել եմ, ասել եմ, որ Արցախից 21 000 մարդ կա այստեղ, ու այդ մարդիկ անտերության են մատնված։ Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը ենթարկվում է Արցախին, թող ՀՀ կառավարությունը վերցնի իր հայեցողության տակ ու կոորդինացնեն իրենց աշխատանքները, ոչ թե այստեղից օգնությունը հասնի Արցախ, հետո նորից գա, հասնի այստեղ», - ասաց Հադրութից տեղահանված բնակիչների ներկայացուցիչը։

Ակցիայի մասնակիցները դժգոհեցին, որ զրկված են նաև ՀՀ կառավարության կողմից հատկացվող 68 000-ական դրամներից։ Դրանք միջին տարիքի տղամարդկանց չեն հատկացվել, այնինչ տուն ու բիզնես կորցրած արցախցիները Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել։

Մենք Հադրութում մեր եղած-չեղածը կորցրել ենք, հիմա չգիտենք փախստական ենք, թե վերաբնակիչ ենք: Մեզ ոչ մի բան չեն ասում: Հիմա եկել ենք նախ իմանանք՝ մեր բնակարանների հարցը ոնց է լուծվելու: Մենք Արցախից հրաժարվել ենք: Արցախը մեզ պատասխանել է, որ բոլորդ պետք է գաք Ղարաբաղ, ձեզ տուն են տալու: Թե քանի տարուց են տալու, դա էլ չեն ասում», - ասացին տեղահանվածները:

 «Մեզ ընդունողն ասում է՝ ձեր հարցերը դեռ պրոցեսի մեջ չեն։ Հադրութեցու պահանջը քաշաթաղցու և քարվաճառցու պահանջից չի տարբերվում։ Երկու կառավարություն ունենք մեկի փոխարեն։ Ինչո՞ւ որևէ մեկը մեր կարգավիճակով չի հետաքրքրվում։ Կամ ասեք, որ ձեզ ոչինչ չի հասնում, կամ ասեք, որ չեք կարողանում, մենք էլ դիմենք միջազգային հանրությանը», - հայտարարեցին ակցիային միացած քաշաթաղցիներն ու քարվաճառցիները։