կարևոր
985 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-09 13:58

31 տարի առաջ այս օրը Մոսկվայում հացադուլ հայտարարեցին հայ անվանի գործիչները՝ ի պաշտպանություն Արցախի ու արցախահայության

31 տարի առաջ այս օրը Մոսկվայում հացադուլ հայտարարեցին հայ անվանի գործիչները՝ ի պաշտպանություն Արցախի ու արցախահայության

1990թ. սեպտեմբերի 9-ին Մոսկվայի համանուն հյուրանոցում հացադուլ հայտարարեցին Խորհրդային Միության պատգամավորներ Զորի Բալայանը, 82-ամյա Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, Հենրիկ Իգիթյանը, Վաչագան Գրիգորյանը և ԼՂԻՄ մարզխորհրդի նախագահ Սեմյոն Բաբայանը՝ Կրեմլից ակնկալելով Արցախում վերականգնել մարզային իշխանությունների լիազորությունները: Այս մասին գրում է aniarc.am-ը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն սեպտեմբերի 15-ին Էջմիածնից դիմեց հացադուլավորներին և Գորբաչովին: Հացադուլավորներին հորդորեց խնայել իրենց կյանքը, իսկ ԽՍՀՄ առաջնորդին՝ ԼՂԻՄ-ում վերականգնելու խորհրդային իշխանությունը «ուղղակի Ձեր պրեզիդենտական հեղինակության ներքո, որ կլինի իրապես արդար մի վերաբերմունք Ձեր կողմից՝ փրկելու համար այդ մարզի հայ բնակչությանը Ձեզ արդեն ծանոթ, անդունդի եզրին հասած ողբերգական կացությանց»: 

Գերագույն խորհրդի նախագահ և Հայաստանի փաստացի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակով դիմեց իր ռուսաստանցի գործընկեր Բորիս Ելցինին: Նամակը ավելի լայն ենթատեքստ ուներ, քան հացադուլն է: Տեր-Պետրոսյանը գրում էր, որ Հայաստանը «անչափ շահագրգռված է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի պահպանմամբ՝ ուղղահայաց կապերից աստիճանաբար անցնելով հորիզոնական կապերի՝ միջհանրապետական հարաբերությունների»:

«Ռուսաստանը, ձևականորեն չեզոքություն պահպանելով, ակամա ներքաշվում է ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ Արցախում գտնվում են խորհրդային բանակի և ներքին զորքերի ստորաբաժանումները, որոնք ժողովրդի պատկերացմամբ նույնացվում են ռուսական բանակի հետ: Մի բանակ, որը ամբողջապես փոխարինելով իշխանության տեղական մարմիններին, իրականացնում է ոչ միայն պատժիչ, այլ քաղաքական, տնտեսական, վարչական և իրեն ոչ հատուկ այլ գործառույթներ: Կենտրոնի և Ադրբեջանի կողմից բանակի՝ որպես պատժիչ մարմնի օգտագործումը հայ ժողովրդի մեջ կարող է ստեղծել թշնամու կերպար՝ ի դեմս ռուս զինվորի: Հակաբանակային տրամադրությունները ինքնաբերաբար վերածվում են հակառուսական տրամադրությունների, դա խարխլում է ռուս և հայ ժողովուրդների ավանդական բարեկամությունը»,- նամակում գրում էր Տեր-Պետրոսյանը՝ առաջարկելով ԼՂ-ից զորքերը դուրս բերել և տեղաբաշխել Ադրբեջանի և ԼՂ-ի սահմանագծում: 

Սեպտեմբերի 20-ին հացադուլավորներին այցելեց Գերագույն խորհրդի փոխնախագահ Բաբկեն Արարքցյանը: Մեկ շաբաթ անց հացադուլավորներին այցելեց Մոսկվայով ԱՄՆ մեկնող Տեր-Պետրոսյանը:

«Հացադուլը հասավ իր նպատակին: Ես հացադուլավորներին հաղորդեցի ողջ հայ ժողովրդի հիացմունքը այդ խիզախ քաղաքական քայլի նկատմամբ, որ ընտրված էր ճիշտ պահին և ճիշտ հարցադրմամբ»,- ասաց Տեր-Պետրոսյանը: 

Հացադուլավորներին իր օրհնությունը հաղորդելու նպատակով այցելեց Վազգեն Ա-ն: Վեհափառը նրանց  փոխանցեց Գորբաչովի խնդրանքը՝ դադարեցնել այդ ակցիան: Ամենայն Հայոցը հացադուլավորներին նվիրվեց իր օծման 25-ամյակին նվիրված արծաթե հուշամեդալներ:

«Ձեր արարքը, առանց չափազանցության կարելի է ասել, աշխարհի խիղճը ցնցեց… Եթե դուք հարկ չհամարեք անսալ մեր ձայնին, ապա ես պատրաստ եմ նույնպես հացադուլ հայտարարել և մնալ ձեր կողքին այնքան ժամանակ, որքան պահանջվի…»,- ասաց Վազգեն Ա-ն: 

Սեպտեմբերին 29-ին հացադուլավորները դադարեցրին ակցիան և վեհափառի հետ Մոսկվայից վերադարձան նույն ինքնաթիռով: Նրանց դիմավորեցին Արարքցյանը, պատգամավորներ, հոգևորականներ, բազմաթիվ հայեր: Հացադուլավորները ստացել էին զորակցական շուրջ 10 հազար հեռագրեր ու նամակներ աշխարհի տարբեր կողմերից:

Հատված Թաթուլ Հակոբյանի ՀԱՅԱՍՏԱՆԸ 88-ից ՀԵՏՈ. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ՓԱԿՈՒՂՈՒՄ պայմանական վերնագրով, անտիպ հատորից